«Մորու բացատ» որբանոցը գրքի շնորհանդեսը

«Մորու բացատ» որբանոցը գրքի շնորհանդեսը

Հունիսի 4-ին Հայաստանի գրողների միությունում Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ ԱՀԹ Երևանի ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տ.Թովմա քահանա Անդրեասյանի «Մորու բացատ» որբանոցը գրքի շնորհանդեսը:

 

Գրողների միության վարչության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը խոսելով բանաստեղծությունների ժողովածուի մասին՝ ասաց, որ յուրահատկությունը գրքում հայացքի մաքրությունն է, ընկալումը: Ինչպիսին ընկալումն է, այդպիսին էլ մարդն է, իր գրվածքն է: Նա հավելեց, որ Տեր հոր ստեղծագործությունները մարդուն չպարտադրող, բայց հաճելի պահեր պարունակող շունչ ունեն:
 

Շնորհանդեսին Տեր հայրը ֆիլմի միջոցով պատմեց «Մորու բացատ» որբանոցը գրքում տեղ գտած բանաստեղծությունների մասին. «Մարդը լքված է այս աշխարհում. վազք, աղմուկ, իրարանցում, հրմշտոց. այս ամենը խորթ է հոգուն: Ոմանք փորձում են գտնել իրենց ծնողին՝ Աստծուն, ու միայն Նրան գտնելով է հոգին խաղաղվում և դիմանում նյութապաշտ աշխարհի դրվածքներին: Սրա մասին են գրքի շարքերն ու նրանում տեղ գտած «Լռություն» պոեմը»:
Ժողովածուի բանաստեղծություններից կարդացին Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ:


«Մորու բացատ» որբանոցում Տ.Թովման ընդգրկել է նաև իր կողմից գրված մի շարք երգերի տեքստերը: Այդ երգերից մի քանիսը կատարեցին Տեր հայրը, նրա դուստրը՝ Սոֆյա Անդրեասյանը և Վաչե Ավետիսյանը՝ Նորք Մարաշի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Զաքարիա քահանա Ավետիսյանի որդին:


Շնորհանդեսին ներկա էին նաև Գրողների միության անդամներ, ԱՀԹ Նորք Մարաշի ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները, հյուրեր:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-03-04
×