Հունիսի 23-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և ս. Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արմեն Ուլիխանյանին, եկեղեցու ծխական խորհրդի անդամներին, Նոր Նորքի դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին, հիվանդանոցի բժիշկներին: Հանդիպումը նախաձեռնել էին ԱՀԹ Նոր Նորքի ս. Սարգիս եկեղեցու եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը և ծխական խորհուրդը՝ եկեղեցու օծման 15-րդ տարեդարձի առթիվ:
Ներկայացնելով հյուրերին՝ տեր հայրն ասաց, որ եկել են հայցելու Սրբազան հոր օրհնությունը և իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու նրանից:
Հյուրերը Տ. Նավասարդ Սրբազանին ներկայացրին ս. Սարգիս եկեղեցու համայնքային ծրագրերն ու անելիքները, զրուցեցին ծխական համայնքին հուզող խնդիրների մասին:
Զրույցից հետո ելույթ ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան «Շողակաթ» երգչախումբը (գեղ. ղեկավար Կարինե Եզեկյան):
Հանդիպման վերջում Սրբազան հայրն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին՝ ի մասնավորի ասելով. «Այս հանդիպումը ոգեշնչող է: 15 տարի է անցել. 2000թ. ապրիլի 30-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ օծվեց Սարգիս Գաբրիելյանի բարերարությամբ կառուցված ս. Սարգիս եկեղեցին: Այն Վեհափառ Հայրապետի ձեռամբ օծված անդրանիկ եկեղեցին էր, որը կառուցվել էր իր առաջնորդական փոխանորդության շրջանին: Բյուր աղոթք Սարգիս Գաբրիելյանի հոգու խաղաղության համար: Եկեղեցին սպասարկում է Նոր Նորքի շուրջ 140 000 բնակիչների հոգևոր կարիքները:
Դուք, լինելով համայնքի տարբեր ոլորտների պատասխանատուներ, զորավիգ եք լինում եկեղեցու ծխական կյանքին: Հոգևոր հովվի առաջնորդությամբ գործակցաբար ձեր ուսերին եք վերցրել նաև համայնքի հոգևոր սպասարկման առաքելությունը՝ արդյունավորելով հավատացյալների ազգային, մշակութային և հոգևոր միությունը: Կարևոր է նաև համայնքում Հայորդաց տան գործունեությունը, որը եկեղեցու և վարչական շրջանի հետ մեկ ամբողջություն է դառնում Նոր Նորքի բնակիչների հոգևոր ու ազգային կարիքները հոգալու համար:
Վերցնում ենք ազգից և վերադարձնում ենք ազգին: Մեր Եկեղեցին այսպիսի բացառիկ դերակատարություն ունի մեր պատմության մեջ և արդ՝ մշակութային, կրոնական, ազգային առումներով: Մենք բնույթով ազգային Եկեղեցի ենք և հոգևոր հարցերից հետո շեշտը դնում ենք ազգային ինքնության վրա: Քրիստոնեությունը շաղախված է մեր էության հետ, մեր մաշկի գույնն է, ինչպես ասված է, որը չենք կարող փոխել:
Գովելի է ձեր համայնքի ջերմ կապը եկեղեցու հետ: Դա, անշուշտ, խրախուսելի և ընդօրինակելի է:
Շնորհավորում եմ ձեզ և բոլորիս ս. Սարգիս եկեղեցու օծման 15 ամյակի առթիվ:
10 տարի է, որ Արարատյան Հայրապետական թեմը Վեհափառ Հայրապետի կողմից հայտարարված երիտասարդության և սիրո արագահաս բարեխոս ս. Սարգսի տոնը նշում է առավել եռանդով, որին մասնակից է նաև ձեր համայնքը: Ամեն տարի ս. Սարգսի տոնը մեզ ներշնչում է նոր մտահաղացումների, և ուրախ ենք, որ այդ նախաձեռնություններն արձագանք են գտնում հավատացյալների կողմից: Օրինակ՝ անցյալ տարի սկսեցինք «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը և այս տարի էլ շարունակում ենք: Նախարոդ տարվա նման այս անգամ ևս 50 միլիոն դրամ հանգանակվեց, որը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ պետք է բաշխենք թեմի տարածքից զոհված զինվորների ընտանիքներին և զինհաշմանդամներին:
Եթե ներշնչանքներն անսպառ են, ուրեմն մեր հավատքից բխող գործերն էլ պետք է ավելի խոսուն լինեն: Երջանկությունն աստվածային սերը կիսելու մեջ է: Եթե այն կիսում ես հավատակցիդ հետ, հաղորդակից ես դարնձում նրան քո երջանկությանը: Սա է իրական սիրո բանաձևը, որը հայ քրիստոնյայի դրոշմն ու կնիքն է: Այդ սիրով է պայմանավորված երջանկության անընդհատական շղթան, որով կապված ենք միմյանց:
Ես շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ: Թող Աստված օրհնի և ս. Սարգիսն առաջնորդի մեզ, որովհետև նա քաջ զորապետ էր և երիտասարդների սիրո արագահաս բարեխոսը: Թող նա մեր ճանապարհը դարձնի հաղթական և լինի մեր աստվածահաճո գործերի մարտակիցը: Շնորհը, սերը, խաղաղությունը թող լինի ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ. Ամեն»:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին