Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագիրը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագիրը

Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագիրը

Հունիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագիրը, որն իրականացվում է 2014թ.-ից: Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ այս տարի ևս հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բանկային հաշվեհամարին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվելու է Հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: 

 

Ծրագիրը մեկնարկեց իրենց կյանքը հանուն հայրենիքի անկախության զոհած զինվորների ոգեկոչմամբ: ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:


Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար, ԱՀԹ թեմական խորհրդի անդամ Վահան Պողոսյանը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանը, զոհված զինվորների ծնողներ:


Արարողության ավարտին առաջնորդարանի դահլիճում թեմի բարեգործական ծրագրերի պատասխանատու Շուշան Պետրոսյանը ներկայացրեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ. ծրագիրը: Ապա ցուցադրվեց ՀՀ ՊՆ կողմից նկարահանված «Նրանք հայրենիքը գրկած են ապրում» ֆիլմից հատվածներ, որը պատմում է նախորդ տարվա ծրագրի մասին:


Դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրը մասնավորապես ասաց . «Մենք այս ծրագիրն իրականացնում ենք ազգիս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Եվ տա Աստված, որ այն շարունակական լինի, և հոգևոր կապն ու հաղորդակցությունը մշտամնա լինի բանակի և եկեղեցու միջև:


Ձեր կորուստը, միանշանակ, մեր կորուստն է, և մենք հանձնառու ենք, որպեսզի սիրով զորակցենք մեկս մյուսին: Նրանք գերեզմաններ չունեն, նրանց գերեզմանները մեր սրտերում են, նրանց անունները՝ մեր շուրթերին և մեր աղոթքներում: Նրանք իրենց կյանքը՝ ամենաթանկը, նվիրեցին մեր ազատության ձեռքբերման համար, որպեսզի մենք ապրենք անխռով, անամպ երկրում: Նրանք երկնաբնակ զինվորներ են և հավերժության հունդեր են սերմանում երկնքից երկիր իրենց անմարմին հոգիներից մեր մարմնապատ հոգիների մեջ: Ս. Մարիամ Աստվածածինը գիտեր, թե ինչ սուր է անցնելու իր սրտի միջով. իր Որդին խաչվելու է: Բայց նա խոնարհությամբ և վեհությամբ ընդունեց իր Զավակի կորուստը, որովհետև գիտեր՝ այդ զոհաբերությունը մարդկանց փրկության համար է: Մի աղոթք կա, որն ուզում եմ ընթերցել մխիթարության և սփոփանքի համար, որը ներքին ուժականություն կհաղորդի մեզ բոլորիս. «Ով Տիրամայր, մայր թագուհի երկնքի և երկրի և համայն մարդկության: Ընդունիր մեր խնդրվածքները և բարեխոս եղիր միածին Որդուդ՝ Հիսուս Քրիստոսին մեր ազգի նահատակ հոգիների՝ զինվորների համար: Քաղցրությամբ և սիրով պահիր նրանց երկնային օթևաններում և թող խաղաղություն լինի հայոց աշխարհում ու ոչ մի մայր այլևս զավակ չկորցնի»:


Այս ծրագիրն իր արձագանքն է ունեցել անցյալ տարվա դրամաբաշխումից հետո: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին, ում հանձնարարականով ծրագրի սոցիալապես անապահով ընտանիքներն ընդգրկվեցին քաղաքապետարանի սոցիալական ծրագրերում:


Ծրագրին արձագանքել է նաև Երևանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, որը բարեգործական համերգ կազմակերպեց և դրանից ձեռք բերված գումարով օգնեց առաջին կարգի հաշմանդամ Գևորգ Եղիազարյանին:
Շնորհակալություն ենք հայտնում Արարատի մարզպետարանին իրենց սոցիալական ծրագրերում ևս զինվորների կարիքավոր ընտանիքներին ընդգրկելու համար:


Ծրագիրը շարունակեցին նաև Արարատի մարզի քահանա հայրերը, ովքեր իրենց նախաձեռնությամբ կարողացան մեծ քանակությամբ բերքուբարիք հավաքել և այն նվիրաբերել զինվորներին: Վարձքներդ ի կատար:


Մեր երախտագիտությունն ենք հայտնում հատկապես այն ընտանիքներին, որոնց հանգանակությունների շնորհիվ իրականացավ այս ծրագիրը: Աստված օրհնի նրանց զավակներին, որպեսզի կարողանան իրենց հայրերի օրինակն ուղենիշ դարձնել կյանքում՝ բարերարություններ անելով հայրենիքի և Եկեղեցու համար:


Եվս մեկ անգամ ուզում ենք մեր խոնարհումը բերել և մեր զորակցությունն ու սերը կիսել մեր որդեկորույս ծնողների հետ:


Կյանքը պարգև է, նրանք ձեր արժանի զավակներն են: Միայն քաջ ծնողները քաջ զավակներ կծնեն, որոնք իրենց կյանքը կտան վեհագույնին՝ Աստծուն և հայրենիքին: Դուք արժանի եք մեծարանքի, դուք առավելագույնն եք արել հայրենիքի համար: Ձեր որդիների կյանքը, որ զոհաբերեցին հայրենիքի համար, մեզ կյանք է տալիս: Բոլորի՛ս: Խաղաղությու՛ն բոլորիդ: Խունկ, աղոթք, լույս և խոնարհում նրանց պայծառ հիշատակին: Շնորհը, սերը, խաղաղությունը թող լինի մեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ.Ամեն »:


Երևանից ու Արարատի մարզից 2014թ. ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ զոհված զինծառայողների 19 ընտանիքներից յուրաքանչյուրը ստացավ 350 000 դրամ աջակցություն:


Այս տարի ծրագիրը կամփոփվի 2015թ. հուլիսի 28-ին: Բարեգործական գումարները ընտանիքները կստանան իրենց համայքների եկեղեցիներում կազմակերպված միջոցառումների ժամանակ: Այն զինվորներն, ովքեր դարմանումի պատճառով տանն են, հոգևորականները կայցելեն նրանց:


Սրբազան հոր հանձնարարությամբ թեմի քահանաները մշտապես հատուկ ուշադրության ներքո պիտի պահեն զինվորների ընտանիքները՝ նրանց նաև հոգևոր աջակցություն ցուցաբերելու համար:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-06-23
×