Հունիսի 26-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնության վկայագրեր հանձնեց թեմի կիրակնօրյա դպրոցների շրջանավարտներին:
Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով: Ապա ԱՀԹ Մխչյանի ս. Հովհաննես և Մրգավետ համայնքի կիրակնօրյա դպրոցների սաները հանդես եկան Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմամբ: Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաները պարային համարներով շնորհավորեցին շրջանավարտներին:
ԱՀԹ ՔԴԿ-ի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը Սրբազան հորը ներկայացրեց կիրակնօրյա այն դպրոցները՝ Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, Երևանի ս. Հովհաննես Մկրտիչ, Արգավանդի ս. Սարգիս, Նորագավիթի ս. Գևորգ եկեղեցիների, որոնք այս տարի ունեն շրջանավարտներ: Շնորհակալություն հայտնեց դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին ջանադիր և արգասաբեր աշխատանքի համար:
Միջոցառման ավարտին Տ. Նավասարդ սրբազանը շնորհավորեց պատանիներին՝ մասնավորապես ասելով. «Ինչպես երեխաներն, այնպես էլ ես՝ լցված եմ խինդով ու ցնծությամբ: Ինձ երջանիկ եմ զգում և բարձր եմ գնահատում այն աշխատանքը, որ կատարում են ԱՀԹ քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և մեր հոգևոր հովիվները: Մանկավարժություն չեն ուսուցանում, այն շնորհ է: Մեր կիրակնօրյա դպրոցներում դասավանդող ուսուցիչների առաքելությունն այդ պարգևի բացահայտումն ու սեփական էությունից աստվածային սիրո փոխանցումն է մեր երեխաներին: Դուք նվիրական առաքելություն եք կատարում: Զգալի է, որ հոգևորականների և ուսուցիչների խոսքի ավետարանական հունդերը ներթափանցել են երեխաների ջինջ հոգիների մեջ: Սիրելի երեխաներ, ձեզ հետ հաղորդակցվել՝ նշանակում է լինել աղոթական ու աստվածային օրհնությամբ լի: Եկեք աղոթենք միասին և թող շնորհը, սերը, խաղաղությունը լինեն ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Ամեն»:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին