Օծվեցին եկեղեցու սրբապատկերներն ու խաչվառը

Օծվեցին եկեղեցու սրբապատկերներն ու խաչվառը

Հունիսի 30-ին Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեցին ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ և Նորաբացի ս. Աստվածածին եկեղեցիների չորս սրբապատկերները և խաչվառը: Սրբազան հորն ուղեկցում էին ԱՀԹ Մասիսի ս. Գևորգ և Նորաբացի ս. Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը, ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար քահանաներ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու Տ. Պարթև քահանա Մուրադյանը: 

 

Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների սրբապատկերները եկեղեցուն նվիրաբերել է Գագիկ Ադիբեկյանը, Քրիստոսի խաչելության և ս. Գրիգոր Լուսավորչի սրբապատկերները՝ Գալուստ Գալստյանը: Խաչվառը պատրաստվել է ս. Գևորգ եկեղեցու համայնքի ջանքերով:


Արարողութան ավարտին դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրն ի մասնավորի ասաց. «Մենք մեր եղբայրական սիրո և հարգանքի տուրքն ենք մատուցում Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդին, մեր սիրելի հոգևոր եղբորը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ով մեզ այս գեղեցիկ առիթն ընծայեց՝ մեկ անգամ ևս լինելու ձեր համայնքում: Ձեզ ենք փոխանցում Նավասարդ Սրբազանի օրհնությունը, և թող Աստված պահապան լինի ամենքիդ: Եկեղեցին զորանում է սրբության գիտակցումով, ինչն արտահայտվում է այս սրբապատկերների մեջ ու իրական է այստեղ ներկա մանուկների կյանքում, ում ազնիվ աղոթքներն իրապես հոգևոր ուրախություն են պարգևում ամենքիս: Թող ամենազոր Աստված պահապան լինի ձեզ այս պատկերներում նկարված մեր սուրբ հայրերի բարեխոսությամբ»:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-06-30
×