Քրիստոսի Պայծառակերպության տոնն Արարատյան Հայրապետական թեմում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Քրիստոսի Պայծառակերպության տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Քրիստոսի Պայծառակերպության տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Ավանդույթները ժողովրդի մշակույթի կարևոր մասն են կազմում, և դրանց միջոցով է, որ կարելի է պատկերացում կազմել տվյալ ժողովրդի, նրա պատմության ու առանձնահատկությունների մասին: Այսօր արդիական է ժողովրդական ավանդույթների վերականգման և պահպանման հարցը: Այդ պատճառով Արարատյան Հայրապետական թեմի համայնքներն առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպել էին մի շարք միջոցառումներ՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշելով նաև ժողովրդական սովորություններով:

 

Հուլիսի 11-ին Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում ԱՀԹ երիտասարդաց միությունները տոնախմբեցին Վարդավառը «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթի հետ: Նրանք ներկայացրեցին տոնի ժողովրդական սովորությունների ողջ բույլը՝ խնդումի ու պուրմատիկինի խաղերով, ծաղկահյուսեր պատրաստելով, խնձոր խորովելով: Վարդաջրով ջրախաղն ու ազգային երգուպարը լրացրեցին տոնը՝ երևանցիներին ու հյուրերին հայկական ուրախ տոնախմբության նվիրելով:


Հուլիսի 12-ին՝ հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր համայնքներում կազմակերպվել էին ուրախ տոնախմբություններ:

 

Օրն ուշագրավ էր ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցում, որտեղ Ս. Պատարագին մասնակցելու էին եկել Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի զինվորները: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քանանա Բարսեղյանը զինվորների օրհնության կարգ կատարեց: Տեր հայրն իր խոսքում մասնավորապես ասաց. «Եթե Քրիստոսի գերեզմանը պահպանող զինվորները վախեցան քահանայապետների և օրենսգետների առջև վկայելու Լույսի մասին, ապա այսօր մեր զինվորները չեն վախենում վկայել Տիրոջ փառքի մասին և նրանք եկել են իրենց խոնարհումն ու երկրագությունը բերել պայծառակերպված մեր Տեր Հիսուս Քրիստոսին»: Զինվորներից շատերը հաղորդվեցին Տիրոջ Մարմնին ու Արյանը՝ նորոգելով իրենց հավատքն ու ուխտը: Ապա համայնքի անդամների հետ մասնակցեցին ջրախաղին:


Պայծառակերպության տոնի հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ:

 

  • 2015-07-12
×