Հուլիսի 12-ին ԱՀԹ Երևանի Ս. Աննա եկեղեցում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Ս. Պատարագ մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչն էր Ամերիկայի Արևելյան թեմի Իլլինոյի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովնան Խոճա-Էյնաթյանը, ով ուխտավորաբար Հայաստանում է գտնվում:
Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կատարեց ծիրանի օրհնության կարգ: Արարողությանը ներկա էին Ոսկե ծիրան կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի հյուրերը և հավատացյալներ:
Ողջունելով ներկաներին՝ Սրբազան հայրն ի մասնավորի ասաց. «Այժմ մենք այստեղ ենք օրհնելու «Ոսկե ծիրանը», քաջալերելու կինոփառատոնի հիմնադիրներին, նախաձեռնողներին, կազմակերպիչներին, աջակիցներին և մասնակիցներին: Ամեն տարի այս փառատոնը նոր, շոշափելի բարձունքների է հասնում: Փառատոնի ընթացքում մեր քաղաքը հայտնվում է տարբեր մշակույթների խաչմերուկում, որտեղ կինոսեր հասարակությունը ծանոթանում է այլ մշակույթների հետ:
Աստված արարեց մարդուն «ըստ պատկերի յուրում»: Սա շնորհ է, արժեք է, որ տրված է մարդուն: Բայց մեր գործերով է, որ պիտի կարողանանք նմանվել Աստծուն: Արվեստի միջոցով, որի ճյուղերից մեկն էլ կինոն է, հույժ կարևորություն ունի արարչական ոգով մարդկանց հոգեկերտումներում բարին ու գեղեցիկը սերմանելը, մեկ խոսքով՝ հայակերտելը:
Օրվա խորհրդի լույսի ներքո պիտի մաղթենք, որ ավելի շատ մարդ հայակերտվի և դառնա ավելի գեղեցիկ հոգու կրող, ավելի լուսավոր մարդ, բարի ու քաղաքակիրթ, մշակութասեր ու հայասեր: Թող «Ոսկե ծիրան» փառատոնն այս ներշնչանքով պարուրի ձեզ:
Մենք մաղթում ենք ամենքիդ լուսավոր ճանապարհ, արդյունավոր գործունեություն և, ամենակարևորը, այսօրվա խորհրդից ելնելով, հոգեկերտումի նոր դրսևորումներ, նոր տեսակի նկարագիր: Եվ այդ նորոգված տեսակը մեր սրտերի մեջ կրելով՝ մեկ քայլ առաջ կանցնենք Աստծուն նմանվելու և մերձենալու բաղձալի ճանապարհին:
Շնորհը, սերը և խաղաղությունը թող լինեն ամենքիդ հետ: Եվ թող Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը նորանոր ներշնչանքներ հաղորդի, որպեսզի մեր մեջ դրական կերպարանափոխությամբ Աստծուն նմանվելու տենչը զորեղանա և առաջնորդի՝ դառնալով մեր կյանքի ուղեկիցը: Բարի երթ բոլորիդ»:
Արարողության ավարտին թեմի երիտասարդներն օրհնված ծիրան հյուրասիրեցին հավատացյալներին: