Տ. Նավասարդ Սրբազանի պատասխանը ճամբարակցի երեխաների նամակին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տ. Նավասարդ Սրբազանի պատասխանը ճամբարակցի երեխաների նամակին

Տ. Նավասարդ Սրբազանի պատասխանը ճամբարակցի երեխաների նամակին

Հուլիսի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի խումբ երիտասարդներ ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ և ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի հետ կրկին այցելեցին սահմանամերձ Ճամբարակի կիրակնօրյա դպրոց և մանկապարտեզներ:


Գեղարքունյաց թեմի Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Պսակ քահանա Մկրտչյանը, կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Լուսինե Ունանյանը և դպրոցի սաները հյուրերին դիմավորեցին քաղաքի Ս. Խաչ եկեղեցում:


Լուսինե Ունանյանը մի քանի շաբաթ առաջ նամակով դիմել էր Նավասարդ Սրբազանին կիրակնօրյա դպրոցին տպիչ սարքով ապահովելու խնդրանքով, քանի որ «երեխաների ուսուցանության համար անհրաժեշտ նյութերը սարքի բացակայության պատճառով ստիպված էին լինում արտագրելով փոխանցել»:


Խնդրանքն անպատասխան չմնաց. Տ. Նավասարդ Սրբազանի նվերից՝ տպիչ սարքից, բացի նաև գրենական պիտույքների փաթեթներ հանձնեցին կիրակնօրյա դպրոցի բոլոր սաներին:


Տ. Պետրոսը ներկաներին փոխանցեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ողջույններն ու օրհնությունը, իր ուրախությունը հայտնեց կրկին անգամ Ճամբարակում գտնվելու և երեխաներին այցելելու համար:


ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանն ասաց, որ թեմում իրականացվող մի շարք ծրագրերի ծանրաբեռնվածությունը չխանգարեց, որպեսզի այցն անպայման իրականանա և հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի:


Տ. Պսակը խնդրեց իր որդիական խոնարհությունը և խորին շնորհակալությունը փոխանցել Նավասարդ Սրբազանին հերթական անգամ ճամբարակցի երեխաներին ձեռք մեկնելու համար: Լուսինե Ունանյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մասնավորապես ասելով. «Շնորհակալ եմ, որ Տ. Նավասարդ Սրբազան հայրը կրկին անգամ ընդառաջեց մեր նամակին, շնորհակալ եմ, որ դուք կտրեցիք այս երկար ճանապարհը, ձեր ժամանակը չխնայեցինք, եկաք, որպեսզի մեր երեխաներին մեկ անգամ ևս ուրախացնեք, որպեսզի նրանք չզգան, որ մենակ են»: Ուսուցչուհին ուրախությամբ նշեց նաև, որ ամիսներ առաջ ԱՀԹ-ում ճամբարակցի փոքրիկներին հյուրընկալելուց հետո Կիրակնօրյա դպրոցի սաների թիվը 25-ից հասել է 65-ի:


ԱՀԹ ներկայացուցիչներն այցելեցին նաև քաղաքի թիվ 3 և թիվ 5 մանկապարտեզների սաներին: Շուրջ 200 փոքրիկների քաղցրավենք հյուրասիրեցին, բաժանեցին գրենական պիտույքներ, հագուստ, կոշիկ, խաղալիքներ: Երեխաներն էլ հայրենասիրական և հոգևոր երգերով ողջունեցին նրանց:


ԱՀԹ-ն արդեն երրորդ անգամ իր հոգևոր և նյութական աջակցությունն է բերում սահամանամերձ Ճամբարակի երեխաներին: Ճամբարակի կիրակնօրյա դպրոցի սաներն էլ հասցրել են հյուրընկալվել Արարատյան Հայրապետական թեմում, ծանոթանալ Երևանին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-07-17
×