Ճամբար Սևանի ափին մանկատան երեխաների համար

Ճամբար Սևանի ափին մանկատան երեխաների համար

Հուլիսի 20-31-ը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը Մ. Իզմիրլյանի անվան մանկատան երեխաների համար Սևանի ափին կազմակերպել էր տասնօրյա ճամբար: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի և երեցկին Անահիտ Հովհաննիսյանի գլխավորությամբ արդեն չորրորդ անգամ համայնքը Մ. Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար ամառային հանգիստն այս կերպ է իրականացնում: 

 

Ճամբարում երեխաները հանգստին ու խաղերին զուգահեռ մասնակցում էին նաև հոգևոր թեմաներով զրույցների, որոնք անց էին կացնում Տ. Գրիգորը, Տաթևի վանքի միաբան Սամվել սարկավագը, ԱԱԻ անդամ Հակոբ Կարապետյանը:


80 ճամբարականներից յուրաքաչյուրն իր ընկերոջ հանդեպ պատասխանատվության զգացումով էր համակված՝ օգնում էին տեսողության, հենաշարժողական համակարգի կամ այլ տեսակի խնդիրներ ունեցող երեխաներին լողալ, մասնակցել խաղերին և այլն:


Ճամբարի կազմակերպմանը մասնակցում էին համայնքի և երիտասարդաց միության անդամները: Ճամբարականներին էին միացել նաև Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի սաները, Սյունիքի թեմի Տաթև համայնքի պատանիները: Մի քանի օր ճամբարում անցկացրին նաև Կանադայի թեմի 14 երիտասարդները Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի գլխավորությամբ: Նրանք Հայաստանում էին Քրիստոնյա երիտասարդների առաքելությունը Հայաստանում (CYMA) ծրագրով, որի ընթացքում արդեն երկրորդ տարին է՝ կամավորական աշխատանք են կատարում բարեկարգելով ու նորոգելով Մարի Իզմիրլյան մանկատան խաղահրապարակը:


Մ. Իզմիրլյանի անվան մանկատան սաների հետ աշխատանքը ամառային ճամբարով չի սահմանափակվում: Ամբողջ տարվա ընթացքում այն Արարատյան Հայրապետական թեմի տարբեր համայքների ուշադրության կենտրոնում է: Երիտասարդաց և տիկնանց միությունները քահանաների հետ ամեն շաբաթ այցելում են նրանց՝ տանելով անհրաժեշտ պարագաներ՝ հագուստ, սնունդ, խնամքի միջոցներ: Երեխաների համար կազմակերպում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ, թատերական ներկայացումներ, ուրախ երեկոներ Երևանի մանկական ժամանցի կենտրոններում:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-07-31
×