Այս տարի օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Տիրամոր վերափոխման տոնը: Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց խաղողի օրհնության կարգ: Հավարտ Ս. Պատարագի թեմի մի շարք համայնքներում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրականացվեցին տոնական միջոցառումներ, մատուցվեց մատաղ ու կազմակերպվեց սիրո ճաշ:
Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանն Արտաշատի բոլոր մանկապարտեզների ավարտական խմբերի սաների օրհնության կարգ կատարեց: Տեր հայրն օրհնեց նաև փոքրիկների բերած խաղող ու պտուղներ, որոնք բաժանվեցին ներկաներին: Արարողությունից հետո տոնական մեծ միջոցառում էր կազմակերպվել եկեղեցու երգչախմբի և երիտասարդաց միության մասնակցությամբ: Միջոցառմանը ելույթ ունեցան նաև Արտաշատի «Արարատ» ժողգործիքների համույթը, Արտաշատի «Միլեն», Մասիսի «Տավրոս» և Մխչյանի պարային համույթները, ինչպես նաև երգիչներ Հարություն Հովհաննիսյանն ու Վալերի Այվազյանը:
Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցում վարչական շրջանում ևս կատարվեց խաղողի օրհնության կարգ, որին մասնակցում էին նաև մանկապարտեզների սաներ: Համայնքի ջանքերով բակում ազգային ուտեստների հյուրասիրություն էր կազմակերպվել, իսկ երեխաների համար ստեղծվել էր կավճով նկարելու հնարավորություն:
Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու բակում Ս. Պատարագից ու խաղողօրհնեքից հետո եկեղեցու երիտասարդաց միության անդամները եկեղեցու բակում կազմակերպել էին տոնական համերգ, որին մասնակցում էին Կիրակնօրյա դպրոցի սաները , «Մենք» պարային և «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթները:
Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցու բակում համայնքի երեխաները ելույթ ունեցան աշխույժ երգուպարով ու ասմունքով, որից հետո եկեղեցու բարերար Գալուստ Գալստյանի աջակցությամբ տոնական միջոցառումն էլ ավելի տոնական դարձրեց լարախաղացը: Միջոցառման ավարտին ներկաներին պաղպաղակ հյուրասիրվեց:
Ս. Երրորդություն եկեղեցու բակում կազմակերպված սիրո ճաշից հետո եկղեցու հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Բարսեղյանի նախաձեռնությամբ Աշուղ Նազելի և «Ջիվանու» անվան աշուղական դպրոցի սաների մասնակցությամբ տոնական համերգ տեղի ունեցավ, ինչը բարձր տրամադրություն հաղորդեց ներկաներին:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը զարդարվել էր տոնին համահունչ: Ս. Պատարագից հետո բակում կոմիտասյան և ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկավ եկեղեցու «Զորավոր» երգչախումբը: Ապա հանդիսատեսին ներկայացրեցին Կիրակնօրյա դպրոցի սաները, որոնց միացել էին նաև «Զորավոր» երիտասարդաց միության անդամները: Նրանք հանդիսատեսին ներկայացրին տոնի պատմությունը, խորհրուրդն ու ժողովրդական սովորությունները:
Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում Ավան վարչական շրջանի աջակցությամբ, ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն և տոնական մեծ միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ «Վերադարձ» ազգագրական երգի-պարի խումբը: Հաջորդ օրը՝ օգոստոսի 17-ին, Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանն այցելեց «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի «Ցերեկային կենտրոն» և կատարեց խաղողօրհնեքի կարգ: Այնուհետև Տեր հայրը ներկաներին պատմեց Ս. Աստվածածնի տոնի և խաղողօրհեքի խորհրդի մասին:
Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցում էին Նուբարաշենի մշակույթի տան սաները:
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագի ավարտին մատուցված սիրո ճաշից հետո եկեղեցու երիտասարդաց միության, կիրակնօրյա դպրոցի և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների մասնակցությամբ տոնական միջոցառում տեղի ունեցավ:
Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու բակում մատուցվեց սիրո ճաշ և եկեղեցու երիտասարդաց միության անդամները հանդես եկան միջոցառմամբ, որի ընթացքում ներկայացրին տոնի խորհուրդը:
Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցու բակում ևս սիրո ճաշ հյուրասիրվեց, ապա բակում ելույթ ունեցավ Այգեպատ համայնքի ժողավրդական երգի-պարի խումբը: Վեդու Ս. Աստվածածին եկեղեցու բակում ներկաների համար տոնախմբության վերածեցին Ոսկետապ համայնքի «Վասպուրական» պարի խմբի և Վեդու մշակույթի տան սաների ելույթները: Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու բակում ելույթ ունեցան համայնքի երեխաներն ու «Լոտոս» պարի խումբը:
Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի մշակութային բաժնի նախաձեռնությամբ եկեղեցու բակում ավանդական սովորություներով համեմված տոնախմբություն էր կազմակերպվել, որին մասնակցում էին «Կարին», «Տավիղ» ազգագրական երգի- պարի համույթները և եկեղեցու երիտասարդաց միությունը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին