«Զերկարութիւն կենաց հօր մեր Աստուածազգեաց, շնորհեա պետին մեր հարց հովուել զմեզ»
Սիրելի՛ Վեհափառ Տեր,
Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի բարեբաստիկ առիթով:
Միածնաէջ Սուրբ Տաճարում Աստծո կամոք և հայոց ազգի զավակների ընտրությամբ Դուք ստանձնեցիք Քրիստոսի խաչով հաղթանակած հայոց հոտի առաջնորդությունը: Որպես Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ՝ Ձեր նվիրումով և ողջախոհությամբ եղաք քրիստոնեական հավատքի, սիրո և եղբայրության քարոզիչը՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:
Մեր աղոթական հոգու ցանկությունն է Ձեզ բազում տարիներ տեսնել Հովվապետի նվիրական սպասավորության մեջ, հայցել Բարձրյալն Աստծուց քաջառողջություն և երկար տարիների արդյունաշատ իրագործումներ:
«Տուր նմա ցուպ հուժկու» ի շահ և հօգուտ հայ ժողովրդի և ի պայծառություն Հայաստանյայց եկեղեցու:
Վեհափառ Տեր, մենք բոլորս քաջ գիտենք, եթե անգամ մարդիկ լռեն, պիտի աղաղակեն կենդանաշունչ քարերը, քանզի «վարձք Ձեր բազում են յերկինս և յերկրի»:
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ և Սուրբ Աջոյն՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ