Օգոստոսի 22-25-ը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Վարդուհի Խաչատրյանը և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման աջակցությամբ ԱՀԹ երիտասարդաց միությունների, ՀԵՀԵՄ ատենապետ Վահան Մարդյանը և ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը Ուկրաինայի հայոց թեմի հրավերով մասնակցեցին Օդեսայում անցկացվող հոգևոր ճամբարին:
Հաշվի առնելով ԱՀԹ-ում անցկացվող հոգևոր ճամբարների հարուստ փորձը՝ Ուկրաինայի թեմից նամակով դիմել էին Տ. Նավասարդ սրբազանին, որպեսզի Օդեսայում անցկացվող ճամբարի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու և փորձի փոխանակման համար թեմից երիտասարդ ներգրավվի:
Հոգևոր ճամբարին մասնակցում էր Օդեսայի և Ուկրաինայի 9 քաղաքների 25 երիտասարդ: Քառօրյա ծրագրում ընդգրկված էին հոգևոր դասեր, միջթեմական և փորձի փոխանակման ծրագրերի քննարկումներ, ազգային երգ ու պարերի ուսուցում և այլն: Վահան Մարդյանն ու Վարդուհի Խաչատրյանը ներկայացրին ԱՀԹ-ում իրականացվող ծրագրերը և սեփական փորձառությունը փոխանցեցին ճամբարականներին:
Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվեցին և առաջարկվեցին մի շարք նախաձեռնություններ, որոնք կնպաստեն Ուկրաինայի թեմի եկեղեցասեր երիտասարդության քրիստոնեական աճին և համախմբմանը. առաջարկվեց կազմակերպել ինտելեկտուալ փառատոն, թեմական ուխտագնացություններ և այլն:
Ճամբարում լավագույնս աչքի ընկնող մասնակիցներին ԱՀԹ երիտասարդները Տ. Նավասարդ սրբազանի ստորագրությամբ Նոր Կտակարաններ, թեմական տետրեր, գրիչներ նվիրեցին:
Ճամբարի ավարտին Օդեսայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Լևոն աբեղա Գուլյանը Ուկրաինայի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից ջերմ ողջույներ փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանին: