Հոգևոր ճամբար հաշմանդամների համար

Հոգևոր ճամբար հաշմանդամների համար

Օգոստոսի 25-30-ը Ծաղկաձորում անցկացվեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր խնամատարության ներքո գործող Ազգային Առաջնորդության Ինստիտուտի «Մարտահրավեր» ճամբարը հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ծրագիրն իրականցվեց Ազգային Առաջնորդության Ինստիտուտի և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համատեղ ֆինանսավորմամբ:
 

Ճամբարային հագեցած առօրյայում ներառված էին հոգևոր և սոցիալական թեմաներով զրույց-քննարկումներ, սպորտային և ինտելեկտուալ խաղեր, ֆիզիոթերապեֆտի ծառայություններ: Ծրագրի նպատակն է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց ոչ սովորական միջոցառումների՝ ֆիզիկական ու հոգևոր կարողությունները խթանելու միջոցով բացահայտել նրանց իրական ներուժն ու մղել ինքնաճանաչման, ինքնազարգացման:
 

Հոգևոր քննարկումները ճամբարում վարում էին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, եկեղեցասեր երիտասարդաց միությունների համակարգող և ԱԱԻ-ի հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ու Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Հոգևոր զրույցների արդյունքում մասնակիցներից չորսը որոշեցին մկրտվել:
 

Օգոստոսի 28-ին Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի ձեռամբ Կեչառիսի վանական համալիրում նրանք մկրտվեցին: Ճամբարի  ընթացքում ճամբարակաները մասնակցեցին ս. Պատարագին. նրանցից շատերն առաջին անգամ էին մասնակցում ու հաղորդվում:  

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-08-30
×