Սեպտեմբերի 8-ին Ս. Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Եսայի քահանա Արթենյանն այցելեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն:
Տեր հայրը Սրբազան հոր օրհնություները փոխանցեց բոլոր մայրերին ու նորածիններին, շնորհավորեց Ս. Տիրամոր ծննդյան տոնի կապակցությամբ, Արարատյան Հայրապետական թեմի կողմից բոլոր երեխաներին նվիրեց Նոր կտակարաններ, օրհնված խաչեր ու Խաչվերաց տոնի թերթոններ՝ հորդորելով մայրերին երեխաներին մեծացնել Աստծո շնչով:
Ծննդատան բժիշկներն իրեն շնորհակալությունը հայտնեցին նախաձեռնության համար և ասացին, որ նման այցերը շատ կարևոր են, դրա կարիքն ունեն թե՛ նորածինները և թե՛ մայրերը: Բժիշկներից մեկն անգամ հիշեց, թե ինչպես մի քահանայի այցելությունից ու աղոթքից հետո վերակենդանացման բաժանմունքում գտնվող նորածին, բայց մահամերձ մի երեխա կազդուրվել էր:
Աշխատակազմի խնդրանքով տեր հայրը նաև պահպանիչ աղոթք կարդաց բուժանձնակազմի համար:
ԱՀԹ տեղեկատվական բաժին