«Ամոթ չէ հիվանդանալը, ամոթ է չբուժվելը». դասախոսություն ԱՀԹ առաջնորդարանում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Ամոթ չէ հիվանդանալը, ամոթ է չբուժվելը». դասախոսություն ԱՀԹ առաջնորդարանում

«Ամոթ չէ հիվանդանալը, ամոթ է չբուժվելը». դասախոսություն ԱՀԹ առաջնորդարանում

Սեպտեմբերի 9-ին ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանի դահլիճում համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Վալենտինա Նովիկովան դասախոսություն կարդաց «Կախվածությունը որպես հիվանդություն» խորագրով:  Վ. Նովիկովան Հայաստանում էր ԱՀԹ Ցերեկային կենրտրոնի տնօրեն Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով:
 

Մինչ բանախոսությունը Տ. Գրիգորը ներկաներին փոխանցեց Սրբազան հոր հայրական օրհնությունը և շնորհակալությունը հայտնեց Վ. Նովիկովային հրավերն ընդունելու համար, ապա ներկայացրեց Ցերեկային կենտրոնի քառամյա գործունեությունն ու այն ծրագրերը, որոնք իրականացվել և այսօր էլ իրականացվում են կենտրոնում:
 

Սանկտ-Պետերբուրգի քաղաքային նարկոլոգիական հիվանդանոցի վերականգնողական բաժնի և «Անկախության դպրոց» նախագծի ղեկավարը, ով նաև մասնագիտական վերապատրաստումներ է անցել Լեհաստանում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, իր քսանամյա մասնագիտական փորձառությունից ելնելով, խոսեց այն մասին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում կախվածությունը: Ըստ նրա՝ կախվածությունը հիվանդություն է, որն վերածվում է ընտանեկան հիվանդության:

 

Հոգեբանը բացատրեց, որ աշխարհի ամենածանր հիվանդություններից չորրորդը համարվող՝ քիմիական թմրադեղերից կախվածությունը կարող է փոխանցվել ժառանգաբար, անբուժելի է, աստիճանաբար սաստկացող և մահացու: Հիվանդության զարգացումը աստիճանաբար տանում է ֆիզիկական, հոգեբանական և էմոցիոնալ քայքայման: Ըստ մասնագետի՝ հիվանդությունը հնարավոր է կանխել՝ վերականգնելով մարդու անհատականությունը: «Ամեն մարդ իրավունք ունի ընտրելու, թե ինչ կերպ ապրի, բայց մյուս կողմից էլ իր ընտրության հետևանքների համար պետք է վճարի»,- ասաց Վալենտինա Նովիկովան:
 

Քննարկվեց նաև առողջ և անառողջ ընտանիքների մոդելները: Առողջ ընտանիքում բոլոր անդամները նպաստում են ընտանիքի առողջ աճին, հարգում են միմյանց կարծիքներն ու սահմանները, ունեն կարողություն դերերը փոխելու՝ միմյանց օգնելու և ամենակարևորը՝ ունեն կարողություն միմյանց սիրելու, այսինքն՝ առողջ ընտանիքում գործում են առողջ քրիստոնեական սկզբունքներ: Թեմայի կարևոր եզրակացությունն այն էր, որ ընտանիքը մի մեծ և հզոր ուժ է, և նրա անդամների առողջ գործելակերպը, համապատասխան մասնագետների աշխատանքի հետ միասին, մեծ արդյունքների կարող է բերել: Վալենտինա Նովիկովայի խոսքով. «Ինչպես հիվանդությունն է վարակիչ, այնպես էլ առողջությունը: Ամոթ չէ հիվանդանալը, ամոթ է չբուժվելը, եթե կա օգնության հնարավորություն»:

 

  • 2015-09-09
×