Ակտիվ գործունեության համար պարգևատրվեցին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ակտիվ գործունեության համար պարգևատրվեցին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից

Ակտիվ գործունեության համար պարգևատրվեցին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից

Սեպտեմբերի 10-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ՀՀ պաշտպանության  նախարարության կողմից պարգևատրվեցին ԱՀԹ երիտասարդները և ծրագրերի պատասխանատուները: Վերջիններս ՀՀ ՊՆ բարձր գնահատանքին արժանանացան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեկամյա միջոցառումների և «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրերի իրականացման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:
 

ԱՀԹ առաջնորդկան փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Ապա ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը և թեմի երիտասարդական միությունների ատենապետ Վահան Մարդյանը ներկայացրին այն ծրագրերը, որոնք իրականացվել են թեմի երիտասարդների կողմից: Շեշտը դրվեց այն ծրագրերի վրա, որոնք կյանքի են կոչվել ՀՀ ՊՆ աջակցությամբ:
 

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ - մայոր Վարդան Ավետիսյանն գնահատանքի խոսքեր ասաց՝ անդրադռնալով Արարատյան Հայրապետական թեմի գործունեությանը: Նա նշեց, որ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ու աջակցությամբ թեմն ակտիվ գործունեություն է ծավալում՝ հոգևոր, հայրենասիրական և բանակին նվիրված ծրագրեր իրականացնելով: Նա հատկապես կարևորեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը.
 

-«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը լայն տարածում է ստանում հանրության շրջանում ինչպես Արցախյան ազատամարտի մասնակից վետերանների մոտ, այնպես էլ այսօրվա ժամկետային զինծառայողների մոտ: Այդ աջակցությունը, որ մեծ սրտաբխությամբ է ընկալվում  ծնողների և հասարակության կողմից, օրեցօր ընդլայնվում է և մեզ ոգեպնդում է: Սա առաքելություն է, որ յուրաքանչյուրին յուրովի է տրվում: Արարատյան թեմն էլ  յուրովի է իրագործում այն:
 

Ծրագրի շրջանակներում մենք ընդամենը կազմակերպչական փոքրիկ աշխատանք կատարեցինք, իսկ մեծագույն մասն իրականցվեց թեմի կողմից: Մեծ ծավալի այդ կազմակերպչական աշխատանքներում առավել աչքի ընկած անձանց փորձում ենք խրախուսել այս պատվոգրերով:  

 

Տ. Նավասարդ Սրբազանն իր ողջույնները և շնորհակալությունը փոխանցեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին: Շնորհավորելով թեմի երիտասարդներին պատվոգրերի արժանանալու համար՝ մասնավորապես ասաց.
 

-Սիրելի՛ երիտասարդներ, Արարատյան թեմի բոլոր նախաձեռնություններն իրականացվում են ազգիս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ու քաջալերանքով: Ս. Սարգսի տոնից վերընձյուղվեցին և տարածվեցին բազում ծրագրեր, միացան մեր Եկեղեցու և մասնավորապես՝ թեմի առաքելությանը:
 

Սիրով շնորհավորում ենք բոլորիդ, ովքեր պարգևատրվեցին ՊՆ պատվոգրերով:  Այս պատվոգրերը նոր ներշնչաքի աղբյուր թող դառնան, որպեսզի ձեր առաքելությամբ ծառայակից լինեք սահմանին կանգնած ձեր եղբայրներին: Կիսեք նրանց ճակատագիրը, կիսեք նրանց օրը, կիսեք նրանց խնդիրները և ձեր հոգիները շաղախեք նրանց հետ, որպեսզի զգան, թե ում  համար են պաշտպանում Հայրենիքը:  Ահա ձեր ամենասեպուհ պարտականությունն այդ առաքելության մեջ:
 

Աստված օրհնի ձեզ: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք և մաղթում, որ Հայրենիքին ծառայելու կոչումը խորապես իմաստավորեք, զինված ուժերում ծառայող ձեր հասակակիցների հետ այդ սերտ կապը թող լինի մշտամնա, լինի օրհնյալ և շարունակական: Սերը, շնորհը, խաղաղությունը թող լինի ձեզ հետ այդ առաքելության մեջ: Ամեն:
 

Միջոցառման ավարտին Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-09-10
×