Երեք Երվանդների պատմությունը Շուշիից մինչև մկրտություն

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Երեք Երվանդների պատմությունը Շուշիից մինչև մկրտություն

Երեք Երվանդների պատմությունը Շուշիից մինչև մկրտություն

‹‹Ես մի բան կարամ ասեմ, որ քեռին ինքնա ուզել ազատամարտիկ դառնա: Գնացելա, թուրքերի դեմ կռվելու: Ես էլ հիմա երազում եմ բժիշկ-զինվոր դառնամ: Բայց ինձ հիմա մենակ մի հարցա տանջում՝ ինչի՞ա քեռին ուզեցել գնա կռիվ››,- անկեղծորեն հարցնում է Շուշիի ազատամարտի հերոս Երվանդ Կարապետյանի՝ Ճուտոյի քրոջ որդին՝ Երվանդը:
 

Փոքրիկ Երվանդը 8 տարեկան է: Նա այն պատմության մի մասնիկն է, որ սկսվեց 1968թ., անցավ 92թ.-ի Շուշիի ազատագրումով, վերածնվեց 2006թ.-ին, դրոշմվեց 2009թ.-ին ու հասավ 2015թ.:
 

Սեպտեմբերի 11-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ մկրտվեց Շուշիի ազատագրման ժամանակ զոհված Երվանդ Կարապետյանի քրոջ որդին, ով կրում է քեռու անունը: Երվանդի կնքահայրն այս պատմության երրորդ Երվանդն է՝ Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Երվանդ քահանա Բաբայանը: Վերջինս իր քահանայական ձեռնադրության ժամանակ Ճուտոյի պատվին ստացել է նրա անունը:
 

‹‹Այս պահին շատ հպարտ եմ ու հուզված: Այսօր Երվանդների միասնությունը ամբողջական դարձավ: Ինձ թվում է՝ Երվանդի հոգին շատ ուրախ է այս միությունից››,-ասում է փոքրիկ Երվանդի մայրը՝ Մարգարիտա Կարապետյանը:
 

Սեպտեմբերի 11-ը երեք Երվանդների ճանապարհները հատեց մի կետում, իսկ փոքրիկ Երվանդի մկրտությամբ օրհնվեց այն ուղին, որ պիտի շարունակեն նրանք: Բայց պատմությունը ժամանակագրություն է սիրում, ուրեմն սկսենք սկզբից:
 

Արցախյան ազատամարտի ժամանակ հերոսաբար զոհված, հետմահու «Արիության», «Շուշիի ազատագրման համար» մեդալների արժանացած Երվանդ Կարապետյանը` Ճուտոն, ծնվել է 1968 թ. հունվարի 20-ին: Երվանդը տան կրտսեր զավակն էր: Փոքրամարմին էր, ինչի համար էլ Ճուտո էին ասում: Կռվին ընտանիքից գաղտնի է կամավորագրվել: Մայրը՝ տիկին Ռոզան, ասում է, որ այլ կերպ չէր կարող, իր տեսակն այդպիսին էր, առանց իրեն այդ կռիվը չէր լինի: Մասնակցել է Ղարաչինարի ինքնապաշտպանությանը, Մոնթեի ջոկատի կազմում կռվել Թոդանում, Սրխավենդում, Կիչանում:
 

1992թ. ապրիլին Երվանդը Մարտունիում միացավ Շուշիի ազատագրմանը մասնակցող ջոկատին: Մայիսի 8-ին շարժվեցին Շուշիի ուղղությամբ: Տղաները հայտնվեցին մի վայրում, որտեղ քարուքանդ եղած շինություններից կրակում էին  թուրք 2 նշանառու: Որոշեցին միմյանց պաշտպանելով առաջանալ: Երբ տեսավ, որ տղաներից մեկը վիրավոր է ասաց. ‹‹Ես պահեմ՝ դուք առաջացեք››: Տղաներն առաջացան, Երվանդն՝ ընկավ:

Ճուտոն ընկավ, բայց պատմությունը չավարտվեց:
 

Շատ երազանքներ ունեն Երվանդները: Մեկը երազում է բժիշկ-զինվոր դառնալ, մեկը երազում էր գտնել Ճուտոյի ընտանիքին ու հասավ դրան, իսկ Ճուտոն…
 

‹‹Երվանդս միշտ երազել է: Երազել է զինվոր լինել, երազել է հաղթանակով վերադառնալ: Ես էլ երազում էի, որ նա ամուսնանար: Ասում էր. ‹‹Մամա ջան, քո ազիզ արև, Շուշին էլ գրավենք նոր: Վազգեն Սարգսյանն ասելա, որ երկուսիս հարսանիքը ազատագրված Շուշիում կանենք››: Իսկ հիմա ես համբուրում եմ նրա զենքը, որ մահվանից հետո խնդրել էր՝ ինձ փոխանցեն ու երազում եմ, որ էլ զոհեր չլինեն››,- ցավով հիշում է Երվանդի մայրը՝ տիկին Ռոզան:
 

Հանդիպեցին երեք Երվանդները, բայց փոքրիկին դեռ մի հարց է տանջում՝ ինչի՞ա քեռին ուզեցել գնա կռիվ:
 

‹‹Վերջին անգամ, երբ տեսա Երվանդին, ես վիրավոր էի ու Վազգեն Սարգսյանը չէր թողում գնայի սահման: Երվանդի եղբոր՝ Մարգարի հետ Պաշտպանության նախարարությունում էինք աշխատում: Մարտի 6-ն էր, երևի, հացի փռից էի դուրս գալիս, զինվորական ֆորրման էլ հագս մեքենայով գնում եմ: Հետևից մեկն անընդհատ սիգնալ էր տալիս: Ջղայնացաց կանգնեցի՝ տեսնեմ ովա: Ուզում էի դուռը բացել, մեկ էլ տեսնեմ Ճուտն արդեն կողքսա.
 

-Էդ չե՞ս գալիս:

Ասում եմ՝ ո՞ւր:

-Շուշին գրավելու:

-Բայց ի՞նչ Շուշի գրավել, հրաման էլ չկա:

-Չես գալի՞ս, դե ֆորմետ տուր:

-Իմ ֆորմեն քո որտեղ կլինի:

-Հա՞, էտ էլ չես տալի՞ս: Դե էտ հացը տուր, ես գնացի:
 

Ու կգնար: Մեկ էլ կիմանայիր գիշերը զենքը վերցրելա, գնացելա սահման: Կգնար կկրակեր ու էլի կգար: Այ էտ էր Ճուտոն: Եկել էր, որ կռվեր, հանգիստ չուներ››,-պատմում է մարտակ ընկերը՝ Գոռ Թամամյանը:
 

‹‹Երվանդը ծնվել էր այդ օրվա համար: Նա գիտակցաբար գնացել էր այդ քայլին՝ համոզված լինելով, որ իր կյանքով փրկելու է իր ընկերների կյանքը:  Երվանդը մի անգամ ասաց, որ եկել է հոգին հանգիստ ապրեցնելու համար, առանց հետին մտքի, առանց մտածելու անգամ կյանքի մասին››,- Արկադի Սարգսյանի հուշերից (‹‹Ու եթե լույս կա երկնքում›› գրքից):
 

‹‹…Քեզ վայել է փառք, հերոսի դափնի, Չէ՞ որ զոհվեցիր քո ազգի համար››: Մարգարիտա Կարապետյան (‹‹Ու եթե լույս կա երկնքում›› գրքից:

 

Հասմիկ Թամամյան

  • 2015-09-11
×