Խաչվերացի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Խաչվերացի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Խաչվերացի տոնը: Տոնի առթիվ Ս. Պատարագ մատուցվեց բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ առաջնորդկան փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի համայնքներում կազմակերպվել էին տոնին նվիրված մի շարք միջոցառումներ և ուխտագնացություններ:
 

Խաչվերացի նախօրեին՝ սեպտեմբերի 12-ին` ԱՀԹ երիտասարդաց միությունները Երևանի Տիգրան Մեծ պողոտայի կանգառներում իրականացրին Խաչի քարոզ ծրագիրը. երիտասարդները խաչեր բաժանեցին երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները, ուղևորներին ու անցորդներին նվիրեցին Ս. Խաչի տոնի խորհրդի մասին պատմող թերթոններ:
 

Երեկոյան  ժամը 22.00-ին Ս. Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ Հսկման արարողություն: Հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ Հսկման կարգ է կատարվում տաղավար բոլոր տոների նախօրեին:
 

Նույն օրը Բյուրավանի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքն ուխտի մեկնեց Մորուտի (Զնջռլու) Ս. Կարապետ վանական համալիր: Այստեղ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը ներկաների համար խոսեց Մյուռոնօրհնեքի մասին: Քարոզից հետո ուխտավորներին մատաղ հյուրասիրվեց, և 3  ուխտավոր մկրտվեցին:
 

Մկրտությունից հետո ուխտավորները սիրով ու խանդավառությամբ պարսպապատեցին Մորուտի (Զնջռլու) Ս. Սարգիս համայնքային եկեղեցին, որն անխնամ վիճակում էր. եկեղեցու պատը անասնապահներն իրենց կենդանիների համար որպես ցանկապատ էին ծառայեցրել՝ խիստ աղտոտելով եկեղեցու շրջակայքը:
 

Էրեբունի համայնքի  կիսակառույց  եկեղեցու բակում հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանը բաց դաս անցկացրեց Խաչվերացի տոնի մասին: Այնուհետև կիսակառույց եկեղեցուն կից գործող «Մաշտոց» դպրոցի օտար լեզուների խմբակների սաները հանդես եկան միջոցառմամբ: Մասնակից երեխաներին խաղալիքներ և գրենական պիտույքների փաթեթներ բաժանվեցին: Տ. Զգոնը Պահպանիչ աղոթքով ավարտեց միջոցառումը:
 

Արարատի Ս. Հակոբ եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ կազմակերպել էր խաչերթ նվիրված Խաչվերացին: Հավատացյալների թափորը Արարատ քաղաքի կառուցվող եկեղեցու հիմքերի մոտից դեպի Արարատի Ս. Հակոբ եկեղեցի ուղեկցեց մեծ խաչն՝ ի նշան Տիրոջ խաչափայտի վերադարձի: Տոնական խաչերթին մասնակցում էին Դալարի Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ. Եփրեմ քահանա Հարությունյանի հետ, Արարատ քաղաքի և գյուղի ՏԻՄ աշխատակիցները, դպրոցների աշակերտներ և այլ ուսումնական հաստատությունների սաներ, ուսանողներ, բժշկական կենտրոնի աշխատակիցներըը, մարզի N զորամասի զինվորները և Արարատի մարզի պատանի երկրապահները:  

 

Հավարտ Ս. Պատարագի Նոր Նորքի Ս.Աստվածածին  եկեղեցու բակում համայնքի նախաձեռնությամբ տոնախմբություն էր կազմակերպվել: Նկարչուհիներն անցկացրին մետաքսի նկարազարդման բաց դաս. ներկայացվեց զարդակիրառական արվեստի դերը եկեղեցական պարագաների ձևավորման գործում: Երևանի 106 դպրոցի նժդեհիկները ներկայացրին «Էջմիածին» պարը և ներկաներին սովորեցրին ազգային պարերի հմտությունները:
 

Մալաթիայի Ս.Աստվածածին եկեղեցում  խաչապտույտ  իրականացվեց եկեղեցու հարակից փողոցներով, այնուհետև տիկնանց միությունը ներկայացրեց «Երջանկության գաղտնիքը» խորագրով միջոցառումը, որի ընթացքում համայնքի փոքրիկները ասմունքեցին, երգեցին և Ավետարանական պատություններ ներկայացրին:
 

Նոր Նորքի ՍՍարգիս եկեղեցու բակում  կազմակերպված տոնախմբությանը գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդյաց տան «Հայկազունք» ազգագրական երգի-պարի, «Արմեններ» դհոլահարների համույթները, ինչպես նաև Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաները: Միջոցառման ավարտին հավատացյալները մասնակցեցին Խաչի թափորին:
 

Նուբարաշենի ՍՆահատակաց եկեղեցու բակում համերգային ծրագիր իրականացվեց Նուբարաշեն վարչական շրջանի  Մշակույթի տան և մանկապարտեզի սաների մասնակցությամբ:
 

Բյուրավանի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում  եկեղեցու խաչքավոր Սմբատ Հովակիմյանի ընտանիքի կողմից բաժանվեց քաղցրավենիք, որից հետո կազմակերպվեց ըոնական միջոցառում:  
 

Արգավանդի ՍՍարգիս եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ Արգավանդի խաչմերուկից թափորով քայլեց դեպի եկեղեցի՝ անցորդներին շնորհավորելով տոնի առթիվ: Հավարտ Ս. Պատարագի  սիրո ճաշ մատուցվեց եկեղեցու բակում: Եկեղեցու երիտասարդաց միությունը ազգային երգու պարով շնորհավորեց տոնը: Նրանք նաև տոնական բացիկների մրցույթ էին կազմակերպել համայնքի, երիտասարդաց միության, եկեղեցուն կից կիրակնօրյա  դպրոցի և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար: Մրցույթի ավարտին, ի հիշատակ Սուրբ խաչի տոնի, մասնակիցները ստացան Երուսաղեմից բերված օրհնված խաչեր:
 

Վերին Արտաշատի ՍԱստվածածին եկեղեցու համայնքն ուխտի էր մեկնել Նորաշեն գյուղի խոնարհված Ս. Հովհաննես եկեղեցի: Գյուղի ավագանու անդամ Նորայր Գրիգորյանի բարերարությամբ  սիրո ճաշ և համերգային ծրագիր իրականացվեց: Ելույթ ունեցան  Նորաշենի երաժշտական դպրպոցի սաները, Վերին Արտաշատի, Նորաշենի և Մասիսի պարի խմբերը, փոքրիկներին ուրախ պահեր պարգևեց լարախաղացը: Երեխաների համար անակնկալ էր պատրաստվել. գունեղ զարդարված «Ուրախ» ավտոբուսով փոքրիկները շրջեցին Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղերով:
 

Վեդու Ս.Աստվածածին եկեղեցու  բակում խաչի թափոր և Անդաստանի կարգ կատարվեց, որից հետո  կազմակերպվել էր տոնական համերգ համայնքի երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Միջոցառման ավարտին ներկաներին մատաղ հյուրասիրվեց, որից բաժին ուղարկվեց համայնքի կարիքավորներին:
 

Մխչյանի ՍՀովհաննես եկեղեցու բակում եկեղեցու խաչքավոր Կորյուն Աբրահամյանի և համայնքի հավատացյալների նախաձեռնությամբ տեղի ունեցավ սիրո ճաշ, որից հետո պարային կատարումներով ելույթ ունեցավ Մխչյանի միջնակարգ դպրոցի  պարի խումբը:  

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-09-13
×