Արարատում Խաչվերացը նշվեց խաչերթով

Արարատում Խաչվերացը նշվեց խաչերթով

Սեպտեմբերի 13-ին Խաչվերացի տոնի նախօրեին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանը նախաձեռնել էր խաչերթ: Խաչերթին մասնակցում էին Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Արտաշատի տարածաշրջանի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եփրեմ քահանա Հարությունյանը, Գեւորգ սարկավագ Գյոզալյանը, N զորամասի զինվորական փողային նվագախումբը, եկեղեցու հոգևոր երգչախումբը, 1000-ից ավելի հավատավորներ: Զինվորներն իրենց ուսերին էին առել խաչը և Արարատ քաղաքում կառուցվող եկեղեցու մոտից հանդիսավորությամբ բերեցին Արարատ գյուղի Ս. Հակոբ եկեղեցի:

 

Խաչերթի մասնակիցները ձեռքներին ունեին ռեհանի փնջեր և երգում էին հոգևոր երգեր: Արարատցիները խոնարհումով և ոգևորութմաբ էին դիմավորում խաչերթի բազմությանը: Ս. Հակոբ եկեղեցու բակում Տ. Դավիթը կատարեց Անդաստանի կարգ: Խաղաղություն մաղթելով  Հայաստան աշխարհին, հայոց բանակին ու հայոց սահմաններին՝ Տեր Դավիթն ասաց. «Այս խաչապտույտը նաև խաչի քարոզ է: Եվ պատահական չէ, որ զինվորներն են տեղափոխում խաչը: Զենքն ու խաչը միշտ պիտի միասնական գործեն Հայաստանի պաշտպանության համար»,-նշեց Տեր Դավիթ քահանա Սահակյանը:
 

Սուրբ Հակոբ եկեղեցին լեփ-լեցուն էր հավատավոր ժողովրդով: Նրանք մեծ շուքով, երգերով, սաղմոսներով նշեցին Խաչվերացի տոնը:

  • 2015-09-13
×