Մյուռոնօրհնեքի արարողությանն ընդառաջ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմում կազմակերպվում են դասախոսություններ Երևանի ու Արարատի մարզի հանրակրթական դպրոցների՝ Հայ Եկեղեցու պատմության ուսուցիչների համար:
Այսօրվանից՝ սեպտեմբերի 15-ից, Երևանում երեք օր շարունակ կազմակերպվելու են հանդիպումներ, որոնց ընթացքում ուսուցիչներին կներկայացվի սրբալույս Մյուռոնի մասին պատմական, ծիսական ու խորհրդաբանական տեղեկություններ: Քահանաները կպատասխանեն նրանց հուզող ու հետաքրքրող հարցերին: Արարատի մարզում այդ հանդիպումները սկսվել են սեպտեմբերի 8-ից: Զրույցներն անց են կացվում մարզի չորս քաղաքներում՝ Արտաշատում, Արարատում, Վեդիում և Մասիսում:
Սրանից բացի մինչև Մյուռոնօրհնության օրը՝ ամեն երեքշաբթի, թեմի բոլոր եկեղեցիներում հսկման ժամերգությունների ավարտին քահանաների քարոզխոսության նյութը Սրբալույս Մյուռոնի մասին է:
Հիշեցնենք, որ այս տարի սեպտեմբերի 27-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ կօրհնվի Սրբալույս Մյուռոնը: Այս արարողությունը կատարվում է յոթ տարին մեկ անգամ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին