Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գործունեությունը

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գործունեությունը

Մեր կյանքը պիտի լինի Աստծո կամքին համաձայն ապրված մի կյանք:
Տ. Նավասարդ արք. Կճոյան

 

Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ծնվել է 1957 թ. սեպտեմբերի 18-ին: Սրբազան հոր արմատները հասնում են մինչև Նիկոդեմիա, Կ. Պոլիս: Հայրը՝ Ռուբեն Կճոյանը, եղեռնազարկ եղած ու հայրենադարձված ընտանիքից էր:
Տ. Նավասարդ սրբազանը 1976 թ. ավարտել է Երևանի թիվ 32 միջնակարգ դպրոցը: 1977-1979թթ. ծառայել է Խորհրդային բանակում:


1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 1984թ.՝ Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռնադրվել է սարկավագ: Մեկ տարի անց գերազանցությամբ ավարտել է Ճեմարանը՝ պաշտպանելով «Ս. Հովհան Դամասկացու «Բանք ընդդիմադրականք ի քակտումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց» ավարտաճառը:
1985-1986թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում: 1987թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

 

1987-1989թթ. եղել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր-քարտուղարը: Դրան զուգահեռ վարել է Մայր Տաճարի եկեղեցական արվեստի բաժնի վարիչի պաշտոնը:
1989թ. նշանակվել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայր: Նույն թվականին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Ս. Գրիգոր Տաթևացու քրիստոսաբանական հայացքները» թեմայով և ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները:
1996թ. երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի նորաստեղծ թեմի առաջնորդ:

 

Նույն թվականին Գարեգին Ա Հայրապետի օրհնությամբ և հովանավորությամբ Օշականում հիմնել է «Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատուն» գիտամշակութային կենտրոնը: Այն իր տեսակի մեջ եզակի էր և նպատակ ուներ ի մի բերել հայոց պատմության հիմնահարցերի գիտական ու հոգևոր մշակութային ուղղությունները:
 

Կարճ ժամանակում Դպրատունը համապարփակ գործունեություն ծավալեց: Կազմակերպվում էին գիտաժողովներ, գիտական զեկույցներ, որոնք անգնահատելի ավանդ հանդիսացան հայագիտության հիմնահարցերի բազմակողմանի ուսումնասիրման ու մշակման մեջ: Դպրատան կարևոր առաքելություններից էր նաև հրատարակչական բազմապիսի գործունեությունը:
1997թ. Մայր Տաճարում ձեռամբ Գարեգին Ա Հայրապետի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:

 

Արագածոտնի թեմում Սրբազան Հոր առաջնորդության տարիները բեղմնավորվում էին նաև համայնքաշինության և եկեղեցաշինության առաքելությամբ:
 

1999 թ. դեկտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ:
2006թ. հունիսի 4-ին Վեհափառ Հայրապետը Տ. Նավասարդ սրբազանին սրբատառ կոնդակով շնորհել է արքության պատիվ:


Արարատյան Հայրապետական թեմում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի գործունեության ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր հոգևոր-քարոզչական, սոցիալ- բարեգործական, հայրենասիրական ու գիտակրթական բնագավառներում:
Կառուցվել է 12, վերակառուցվել և վերաօծվել է 4 և հիմնվել 9 նոր եկեղեցի:

 

Տ. Նավասարդ սրբազանի վերատեսչական գործունեության առանցքներից մեկը ազգային- հոգևոր տոների և ավանդույթների վերարժևորումն ու հանրայնացումն է: Հատուկ կարևորվում են թեմի երիտասարդական կառույցներն իրենց հոգևոր և ազգային առաքելությամբ:
 

Սրբազան հոր օրհնությամբ ու աջակցությամբ թեմում իրականացվում են բազմաթիվ բարեգործական ծրագրեր հայոց բանակի, միակողմանի ու երկկողմանի ծնողազուրկ երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամների, մանկատների ու ծերանոցների համար:


Կարևորելով երիտասարդների կրթադաստիարակչական գործունեությունը՝ Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությամբ ու աջակցությամբ թեմում իրականացվում են «Գրաբարյան օրեր» և «Արարատյան քննարկումներ» ծրագրերը:

 

Տարիներ շարունակ թեմի կրթադաստիարակչական կենտրոնում տարիքային տարբեր խմբերի համար անց է կացվում սրբապատկերի, բատիկայի, համակարգչային գիտելիքի, անգլերենի, իսպաներենի դասընթացներ: Դրանց զուգահեռ երեխաներին մատուցվում է հոգևոր գիտելիք: Թեմում գործող կիրակնօրյա դպրոցներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի ծրագրերով հոգևոր կրթություն են ստանում հարյուրավոր պատանիներ: Թեմում գործում է հոգևոր գրադարան: Եկեղեցական համայնքներում կազմակերպվում են հոգևոր զրույցներ, Աստվածաշնչի սերտողության դասեր, ուխտագնացություններ Հայաստանի, Արցախի, Արևմտյան Հայաստանի ու Երուսաղեմի սրբավայրեր:


Թեմում գործում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ու թմրամոլության կախվածությունից բուժվող անձանց ու նրանց ընտանիքների հոգևոր խնամքի «Ցերեկային կենտրոնը», որն իր տեսակի մեջ եզակի է մեր տարածաշրջանում: Կազմակերպված ու համակարգված գործունեություն է ծավալում խուլերի համայնքը:

 

  • 2015-09-18
×