Անկախությունը` նոր կյանքի կոչնակ

Անկախությունը` նոր կյանքի կոչնակ

Անկախությունը ոչ հռչակագիր է, ոչ էլ` որոշում: Անկախությունն ազգային գիտակցություն է, նոր կյանքի կոչնակ, որ մեր հոգիներում և էության մեջ հավերժորեն իր կամքն է հնչեցնում:

 

Տ. Նավասարդ արքեպս. Կճոյան
 

Գոհունակությամբ և ուրախությամբ շնորհավորում ենք ամենքիս ՀՀ Անկախության տոնի առթիվ: Այս օրը մեր պայքարի և սեփական արժեքներով ապրելու իրավունքի հաղթանակն է: Հաղթանակ, որը կերտվեց հերոսական պայքարով և քանի դեռ անկախությունն ու ազատությունը մեր երազանքն է, այդ պայքարը շարունակվում է՝ մեզանից պահանջելով լինելու հայրենիքի հերոս զինվորներ: Անկախությունը մեր նախնիների երազանքն էր, այսօրվա իրականությունը և ապագայի մեր պայքարը:
 

1991 թ. սեպտեմբերի 21-ն անցյալի իրադարձություն չէ միայն: Մեր պատմության այս թվականն իր պատգամով ու խորհրդով պատկանում է հավիտենականությանը: Այն իր մեջ ամփոփում է հայի հավաքական հավատքը, հույսը, ապագայի տեսիլքն ու պայքարելու վճռակամությունը: Անկախությունը եղավ ու կլինի մեր ժողովրդի տեսլականը, որի համար պայքարեցինք աննկուն կամքով և մեր ազգային գիտակցության մեջ ամրագրեցինք հզոր ու շեն հայրենիք կերտելու մեր առաքելությունը: Ազատությունն աստվածային շնորհ է՝ արարելու, ստեղծագործելու և ապագայի հաղթանակների նոր հնարավորություններ բացահայտելու:
 

Թող Ամենակարող Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքն ու զորացնի ամենքիս՝ շեն ու հզոր հայրենիք ունենալու մեր սրբազան առաքելության մեջ:

  • 2015-09-21
×