Այսօր տարեցների միջազգային օրն է
Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրվա առթիվ, Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միության մի խումբ անդամներ, ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանի և կանադահայ բարերար Անահիտ Ամիրյանի հետ Մարմարաշենի Ս. Գևորգ և Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցիների հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ բարեգործական այց կատարեցին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Մասիսի ցերեկային կենտրոն:
Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միության անդամները լավ են ճանաչում այս կենտրոնի բոլոր շահառուներին. նրանք ավելի քան 4 տարի շաբաթը 2 անգամ այցելում են տարեցներին, զրուցում, իրենց որդիական սերն ու հոգատարությունը բերում նրանց:
Որդիական հոգատարությունից բացի այսօր այցելուները տարել էին սննդի և քաղցրավենիքի 65 փաթեթ կենտրոնի բոլոր շահառուների համար:
Տեր հայրը ողջունեց ներկաներին, փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու շնորհավորանքը: Դիմելով տարեցներին տեր հայրն ասաց, որ բոլորի պարտքն է լինել նրանց կողքին, աջակցել ու հոգ տանել:
Տեր հայրը նվերների համար հատուկ շնորհակալություն հայտնեց Մոնրեալի հայ համայնքի ներկայացուցիչ տիկին Անահիտ Ամիրյանին:
Ցերեկային կենտրոնի մենեջեր Դոնարա Նալբանդյանն ու Մասիսի քաղաքապետարանի սոցիալ- մշակութային բաժնի ղեկավար Դավիթ Հակոբյանն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին հյուրերին տարեցների օրն իսկական տոնի վերածելու համար:
Տոնի առթիվ շնորհավորելու էին եկել Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի սաներն, ովքեր իրենց երգով ու պարով ուրախություն պարգևեցին ներկաներին:
Կենտրոնի շահառուները հումորային ներկայացում էին պատրաստել՝ այս կերպ շնորհակալություն հայտնելով հյուրերին ցուցաբերած աջակցության համար:
Միջոցառումից հետո հյուրերը տնայց կատարեցին այն շահառուներին, ովքեր հաշմանդամության պատճառով չէին կարողացել այցելել կենտրոն:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին