Հոկտեմբերի 3-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին Մասիսի նորակառույց եկեղեցու դռները, 12 սյուները, ավանդատներն ու սրբապատկերները: Սրբազան հայրը Սրբալույս Մյուռոնով օծեց նաև եկեղեցու բարերար Հրանտ Վարդանյանի հիշատակին կառուցված խաչքար-աղբյուրը:
Սրբազան հորն ուղեկցում էին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանը, Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեցեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանը:
Արարողութան ավարտին դիմելով ներկաներին՝ Սրբազան հայրն ասաց, որ վաղը՝ հոկտեմբերի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ կօծվի եկեղեցու Սուրբ սեղանն՝ իր դռները բացելով հավատավոր ժողովրդի առաջ:
Սրբազան հայրն իր ուրախությունը հայտնեց, որ եկեղեցում հավաքվածների մեծամասնությունը պատանիներ ու երիտասարդներ էին, ինչը վստահություն է ներշնչում, որ եկեղեցու վաղվա օրվա համար պատասխանատուներ կան:
Նավասարդ Սրբազանը, շնորհավորելով հավատացյալներին, ի մասնավորի ասաց. «Սիրելի՜ բարեպաշտ և հավատարիմ հայորդիներ, փառք Աստծո, որ մենք այսօր և վաղը ներկա ենք գտնվելու այս եկեղեցու օծման արարողությանը, որի անունը կհռչակվի վաղը՝ Վեհափառ Հայրապետի կողմից:
Այս սքանչելի եկեղեցին խորհրդավոր մտածողության, երևակայության ու ճաշակի արդյունք է: Ըստ մեզ՝ իր տարածքով ու հոյակերտ կերտվածքով անթերի է և կատարյալ: Այս եկեղեցու մեջ, որի օծման արարողությունը կամբողջանա վաղը՝ Ս. Սեղանի օծմամբ, կնորոգվեն ձեր հոգիները՝ Աստծո տան մեջ լինելու ճշմարիտ վերապրումով: Եկեղեցու խորհրդավոր միջավայրը թելադրում է ամենքիս ներհայեցողաբար վերանորոգելու մեր՝ Աստծո պատկերով արարած լինելու պատիվը: Այստեղ Աստծո հետ հաղորդակցվելով, հավատակիցների մեջ անկեղծանալով՝ աղոթքի միջոցով ձերբազատվում ենք մարդկային տկարություններից: Ահա Եկեղեցու գերագույն առաքելությունը:
Սիրելի պատանիներ, ձեր ներկայությունը մեզ հուսադրում է. այստեղ է ձեր հոգու գանձանակը, որից պիտի վերցնեք հոգևոր խրատ ու հորդոր և ձեր հոգևոր հովվի առաջնորդությամբ դառնաք արժանի զավակներ՝ մեր ազգի ու հայրենիքի:
Մեզ ուրախացնում է, որ այս փոքրիկները, որոնց հոգիներն անարատ են և ավելի մերձ են Աստծուն, ավելի ջինջ կպահեն այս եկեղեցու հոգևոր մթնոլորտը: Սիրելի՛ երեխաներ, դո՛ւք պիտի այս եկեղեցու ջերմությունն ու սերը պահեք, որպեսզի այս կամարների ներքո լինի աստվածային շնորհներով առլեցուն մթնոլորտ: Մենք երջանիկ ենք, որ ունենք ձեզ պես ժառանգներ, սերունդ, ովքեր կպահեն մեր սրբությունները:
Ուրախ լեր, Սուրբ Եկեղեցի, քանզի այսօր մենք երջանիկ ենք. կառուցվեց Աստծո ևս մեկ տուն, որն այս տավա մեջ թեմում թվով չորրորդ նորակառույց եկեղեցին է և որը մեր հոգևոր դարմանումի, մեր կատարելության և Աստծո փառքի համար է: Թող շնորհը, սերը, խաղաղությունը լինեն ամենքիդ հետ: Ամեն»:
Եկեղեցու ճարտարապետն Անահիտ Թարխանյանն է, ով 1987-1988թթ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել եկեղեցու էսքիզային ժամանակակից և ավանդական ոճավորման նախագծեր: Երկուսն էլ Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի կողմից արժանացել են հավանության, իսկ կառուցման համար Վեհափառ Հայրապետը նախապատվությունը տրվել է ավանդական տարբերակին: 1991թ.-ին կատարվել է եկեղեցու հիմնարկեքը:
2005թ.-ից եկեղեցու շինարարական աշխատանքների պատասխանատվությունը ստանձնել է ազգային բարերար, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը: Եկեղեցու կառուցաման աշխատանքները շարունակել և ավարտին են հասցրել նրա որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները:
Եկեղեցու սրբապատկերների հեղինակն Աննա Մալխասյանն է, ով Արարատյան Հայրապետական թեմի կրթադաստիարակչական կենտրոնի սրբապատկերի խմբակի ուսուչցուհին է:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին