Հոկտեմբերի 7-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցեց երջանկահիշատակ գիտնական Հարություն Մխիթարյանի՝ «Ընդհանուր և անօրգանական քիմիա» դասագրքի շնորհանդեսին: Դասագիրքը նախատեսված է մասնագիտական լայն լսարանի՝ հատկապես ուսանողների համար: Սրբազան հայրը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց ականավոր գիտնականի ընտանիքի անդամներին ու գործընկերներին, ովքեր կյանքի են կոչել նրա տարիների աշխատանքի երախայրիքը, որը իսկապես ուղեցույց ու օգնական պիտի լինի ուսանողների համար:
Անդրադառնալով Հարություն Մխիթարյանի հետ իր մտերմությանը՝ Սրբազան հայրը մասնավորաբար ասաց. «Նա գիտության, լույսի մարտիկ էր, որովհետև քայլում էր լույսի ճանապարհով. մենք իրեն այդպիսին ենք հիշում: Այս գիրքը մի խնկացող բուրվառ է, որն անընդհատ պիտի խոսի հեղինակի մասին, բազմահազար ուսանողների հիշեցնի իր անձի, վաստակի և առաքելության մասին»: Շնորհանդեսի ընթացքում գործընկերները պատմեցին Հ. Մխիթարյանի մասին իրենց հուշերը՝ խոսելով հայրենասեր ու նվիրյալ գիտնականի արժեքավոր աշխատանքի մասին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին