Ուխտագնացություն դեպի Գեղարդավանք Տ. Նավասարդ Սրբազանի հետ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ուխտագնացություն դեպի Գեղարդավանք Տ. Նավասարդ Սրբազանի հետ

Ուխտագնացություն դեպի Գեղարդավանք Տ. Նավասարդ Սրբազանի հետ

Հոկտեմբերի 9-ին ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի սաներն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ ուխտի մեկնեցին Գեղարդավանք: Ուխտավորների հետ էին նաև ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ՀՕՖ-ի հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը:


Ուխտավորներին դիմավորեց վանքի վանահայր հոգեշնորհ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանը: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն, ով շուրջ 28 տարի սպասավորել է Գեղարդավանքում և վանքի միաբան Էդգար սարկավագն ուխտավորներին մեկ առ մեկ պատմեցին վանքի եկեղեցիների ու զարդաքանդակների, կառուցման ու առանձնահատկությունների մասին, ներկայացրին Գեղարդավանքի մասին հյուսված ժողովրդական պատումները: Պատանիների ուխագնացության հոգևոր խորհուրդն ամբողջացավ ընդհանրական աղոթքով`ժամերգության մասնակցությամբ և վանքի երգչախմբի ելույթի ունկնդրությամբ:


Սրբազան հայրը պատանիներին ուսուցողական խաղեր ու գրքեր նվիրեց: Նրանց հետաքրքրող հոգևոր հարցերին պատասխանելուց հետ Տ. Նավասարդ Սրբազանը զրուցեց երեխաների հետ՝ նրանց ապագա մասնագիտության, հետաքրքրությունների մասին:


Շաբաթներ առաջ ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի սաներից մեկը՝ Միքայելը դիմել էր Կենտրոն ՀԸ «Ես կամ…» հաղորդաշարին՝ ցանկություն հայտնելով հանդիպել ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ: Միքայելի ցանկությունն իրականացավ, իսկ Սրբազան հոր ցանկությունն էր, որ և՛ Միքայելի, և՛ կենտրոնի երեխաների հետ հանդիպումները լինեն շարունակական:


Տ. Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ շուրջ 6 տարի ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի հոգևոր հովիվն է Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը: Ամեն շաբաթ նա հոգևոր դասեր ու զրույցներ է անցկացնում երեխաների հետ, կազմակերպում է հովվական տնայցեր և կատարում տնօրհնեքներ: Կենտրոնի շահառուները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են՝ իրենց դաստիարակության, կրթության, սոցիալական խնամքի խնդիրներով:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-10-09
×