23 տարի փոքրիկների կողքին

23 տարի փոքրիկների կողքին

Հոկտեմբերի 9-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում Արարատյան Հայրապետական թեմի ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակի շահառուները հանդիպեցին գերմանական «Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Արդեն 23 տարի է, որ ամեն աշուն Գերմանիայի փոքրիկ քաղաքում՝ Նյոենհաուսում ապրող բարերարները գալիս են Հայաստան և իրենց օգնությունն են բերում հայ ծնողազուրկ փոքրիկներին: Միջոցառումը սկսվեց աղոթքով, որից հետո Տեր Եսայի քահանա Արթենյանը շնորհակալական խոսք ուղղեց բարերարներին և նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը: Մինչ նվերների և դրամական օգնության բաշխումը՝ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ պարոն Անդրեաս Գրիսը ներկաներին պատմեց կազմակերպության հիմնադիր Գյունթեր Բրինգմանի մասին` ներկայացնելով, թե ինչպես են հավաքվում այդ գումարները:

 

«1992 թվականին մի հոլանդուհի, ով եղել էր Երևանում, պատմել էր Բրինգմանին մի հիվանդանոցի մասին, որում նունիսկ ջերմաչափ չկար: Չկար ո՛չ դեղորայք, ո՛չ սարքավորումներ: Այդ ժամանակ պարոն Բրինգմանը, ով բժիշկ էր և միաժամանակ Նյոհենհաուսի եկեղեցու երգչախմբի ղեկավարը, որոշում է բարեգործական համերգների միջոցով գումար հավաքել և ուղարկել Հայաստան՝ այդ հիվանդանոցին: Այն ժամանակ նրան «խենթ» համարեցին: Իսկ այժմ ունենք այն, ինչ դուք տեսնում եք»,- ասաց պարոն Անդրեաս Գրիսը: Միջոցառման վերջում ծնողազուրկ ընտանիքների անդամները ստացան բարերարների կողմից տրամադրված օգնությունը:


Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-10-09
×