Հոկտեմբերի 11-ին Մաշտոցի պողոտայի Միսակ Մանուշանի անվան պուրակը լի էր մարդկանցով, ովքեր հավաքվել էին այգում տեղադրված բեմահարթակի մոտ և սպասում էին հերթական համերգը լսելուն: Բեմից «Երևանը մենք ենք» էր լսվում, մարդիկ էլ քթի տակ մեխանիկորեն շարունակում էին: Մարդիկ եկել էին ուղղակի Էրեբունի-Երևանի տոնակատարությանը, երբ այգի եկան Արարատյան Հայրապետական թեմի կիրակնօրյա դպրոցների սաները, գրավեցին հարթակն ու ասացին. «Բարև, ես գիրք եմ»: Այգում հավաքված մարդիկ հետաքրքրված էին, թե ինչ է կատարվում և ովքեր են այդ փոքրիկները: Իսկ նրանք եկել էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Կենդանի գրադարան» ծրագիրն իրականացնելու:
Այգում տեղադրվեցին աթոռներ, «կահավորվեց» գրադարանը, հետո երեխաները համախմբվեցին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ.Եսայի քահանա Արթենյանի շուրջ և Տերունական աղոթքով ազդարարեցին գրադարանի բացումը:
«Կենդանի Գրադարանն» աշխատեց սովորական գրադարանի նման: Միակ տարբերությունն այն էր, որ «Կենդանի գրադարանի» գրքերը կենդանի մարդիկ էին, այս դեպքում՝ ԱՀԹ կիրակնօրյա դպրոցների սաները: Իսկ ահա գրքի ընթերցանությունը իրենից ենթադրում էր զրույց: «Կենդանի գրքերը» պատրաստ էին ընթերցողների հետ կիսվելու իրենց անձնական պատմություններով, փորձառությամբ և գիտելիքներով, անկեղծորեն պատասխանելու «ընթերցողների» հարցերին: Միսակ Մանուշանի պուրակը դարձել էր ապրող ու շնչող գրադարան, որտեղ չկային դռներ, գրադարակներ, միայն՝ գրադարանավարուհի և «խոսող» գրքեր:
«Բարև, ես «Մաշտոցի որդիները» գիրքն եմ: Տպագրվել եմ Էջմիածնում, 1995 թվականին: Շատ հետաքրքիր է, որ…», «Բարև, ես «Ս. Ծննդյան պատմությունը » գիրքն եմ, շատ գրքեր կան Ս. Ծննդյան մասին, բայց ես կպատմեմ քեզ, այն մասին, թե…» ու այսպես ամեն ընթերցողի առաջ բացվում էր մի գիրք ու պատմում իր մասին:
-Միշտ երազել եմ խոսել գրքերի հետ: Նրանց հետ քննարկել այն ինչ գրված է իրենց մեջ: Ու այսօր այս երեխաները, կարծես, կատարում էին իմ երազանքը: Ես խոսում էի գրքերի հետ, նրանց հարցեր տալիս, ուղղակի զրուցում,- ասաց գրադարանի ընթերցողներից Լիլիթը:
-Այնպես ստացվեց, որ ես նոր մտքիս մեջ երգում էի «Երևանը տուն ու շենք չէ: Երևանը մենք ենք» ու մտածում էի, որ պետք չէ իրերին վերաբերել որպես անշունչ մի բանի: Հանկարծ եկան երեխաները, ովքեր ասացին՝ մենք կենդանի գրքեր ենք: Ու հիմա իմ առաջ հրաշք է տեղի ունենում՝ գրքերը խոսում են, քայլում են, ժպտում են, մեկ-մեկ հոգնում են,- ժպտալով ասաց միջոցառմանը հետևող Գոհարը:
-Գիրք կարդալը չպետք է լինի մեխանիկական: Գիրքը պիտի դառնա սիրելի, պիտի սկսի խոսել ընթերցողի հետ: «Կենդանի գրադարանը» մի միջոց է այդ երկխոսությունը խթանելու համար: Կարդալը իրենից զրույց, ինֆորմացիայի փոխանակում ու նոր ծանոթություն է ենթադրում: Իսկ մեր օրերում գնալով ավելի անհրաժեշտ է դառնում վիրտուալ իրականությունից մարդկանց կենդանի շփման վերադարձնելու անհրաժեշտությունը,- ծրագրի մասին խոսելիս պատմեց Տ. Եսային:
Տ. Եսային նաև ավելացրեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, գրքերի ցանկն ու կենդանի գրքերը կավելանան: Առաջիկայում նախապատրաստվում են նոր գրադարանի:
Հասմիկ Թամամյան