Ս. Անանիայի աջը բերվեց Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցի

Ս. Անանիայի աջը բերվեց Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցի

Հոկտեմբերի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Ս. Անանիա և ևս հինգ սուրբ առաքյալների հիշատակության օրը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր աջը: Այն եկեղեցում էր մինչև երեկոյան ժամերգության ավարտը` 17:30: Եկեղեցում մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը արժանապատիվ Տ. Վահան քահանա Առաքելյանն էր:


Հավարտ Ս. Պատարագի Տ. Նավասարդ Սրբազանը Ս. Անանիա առաքյալի մասունքակիր աջով օրհնեց հավատավոր ժողովրդին և մասնավորապես ասաց. «Վեհափառ Հայրապետի արտոնմամբ այսօր առիթ ունենք հաղորդակցվելու սրբի մասունքին՝ ստանալով Աստծո օրհնությունը և ներգործուն զորությունը: Այս աջը սրբարան է, որն իր մեջ, բացի սրբի մասունքից, ամփոփում է առաքյալի անսասան հավատքի, սիրո և հանուն Քրիստոսի նահատակության խորհուրդը: Ուխտավորաբար համախմբվել ենք՝ վերագտնելու այդ խորհուրդը, որը հավատքի, քաջության ու սիրո օրինակն է, որով պիտի ապրի յուրաքանչյուր քրիստոնյա: Այսօր, բարեբախտաբար, մեզանից չի պահանջվում նահատակություն, բառի ուղիղ իմաստով, սակայն մեր առաքելությունն է անշեջ պահել հավատքի նմանօրինակ ջահը:


Այդ լույսի ներքո նայելով մեր տարածաշրջանի համայնապատկերին՝ պետք է փաստենք, որ մենք տևական խաղաղության մեջ չենք, բայց պատրաստ ենք քաջությամբ ու արիությամբ պաշտպանելու մեր ժողովրդի խաղաղ երկինքը՝ լինելով արժանի ժառանգորդը Ս. Անանիայի:


Աշխարհաքաղաքական անհանգիստ այս իրավիճակում ազգային միասնականությունը ամբողջական պահելու գրավականը նահատակության ոգով պայքարն է՝ հավատքով, սիրով ու զոհողությամբ:


Սրբազան այս մասունքից բխող՝ Աստծո զորությունը պետք է պահենք ոչ միայն մեր հոգիների փրկության համար, այլ դրանից առավել՝ ծառայեցնենք մեր ազգին, ընկերոջը, մտերիմին, տկարին ու կարիքավորին: Շնորհը, սերը և խաղաղությունը թող լինեն ձեզ հետ այսօր վաղը և ընդմիշտ: Ամեն»:


Ապա Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին:


Ս. Անանիան Քրիստոսի 72 աշակերտներից էր: Ավետարանում նա հիշատակվում է որպես Աստծո անունից Պողոս առաքյալին կուրությունից բժշկող: Ըստ ավանդույթի՝ Ս. Անանիայի մասունքները Հայաստան են բերվել մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից և ամփոփվել Երևանում: Սրբի գերեզմանը Երևանի Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցու բակում գտնվող մատուռում է: Այն հայտնի ուխտատեղի է ոչ միայն քրիստոնյաների շրջանում. այստեղ հաճախ են ուխտի գալիս բժշկության կարիք ունեցողները` անկախ կրոնական պատկանելությունից: Բժշկության հրաշքներով հայտնի լինելու շնորհիվ սրբի շիրիմի մոտ կառուցված եկեղեցին կոչվել է Ս. Զորավոր: Այս եկեղեցին միջնադարում եղել է գրչության հայտնի կենտրոն, իսկ ճգնավորների համար՝ անապատ: Այստեղ են ապրել, ճգնել ու վարդապետել Մովսես Տաթևացի կաթողիկոսը, աշխարահռչակ Հովհաննես Կոզեռնը և շատ այլ մեծամեծ գիտնական - հոգևորականներ:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-10-13
×