Հոկտեմբերի 24-ին ԱՀԹ առաջնորդարանում բացվեց ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության և «Արարատ» երգչախմբի անդամ Անի Ղուկասյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Ներկայացվել էին նկարչուհու կանոնիկ և ոչ կանոնիկ սրբապատկերները, աբստրակտ աշխատանքներն ու բատիկայի գործերը:
ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ցուցահանդեսը բացեց Տերունական աղոթքով: Շնորհավորելով երիտասարդ նկարչուհուն՝ Տեր հայրը փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը:
Ցուցահանեսի ընթացում նկարչուհին կատարեց հոգևոր երգեր: Նվագակցում էր Աննա Ալեքսանյանը:
Անի Ղուկասյանը 2008-ից հաճախում է Արարատյան Հայրապետական թեմի կրթադաստիարակչական կենտրոնի սրբանկարչության դասընթացներին, 2015- ից՝ նաև բատիկի խմբակին: Սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղանկարչական կրթահամալիրում, ապա Կրթության Միջազգային ակադեմիայի Լ.Քալաշյանի անվան Հայկական Բաց համալսարանի գեղանկարչության ու դիզայնի ֆակուլտետում:
Մասնակցել է բազմաթիվ միջազգային, հանրապետական ու համաքաղաքային մրցույթների, արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին