«Լույսի մեջ խավար չկա». Ժեստերի լեզուն ձեռքերի սիմֆոնիա է

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Լույսի մեջ խավար չկա». Ժեստերի լեզուն ձեռքերի սիմֆոնիա է

«Լույսի մեջ խավար չկա». Ժեստերի լեզուն ձեռքերի սիմֆոնիա է

Հոկտեմբերի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում խուլերի համայնքը նշեց խուլերի միջազգային օրը: Միջոցառման համար այս տարի ընտրել էին «Լույսի մեջ խավար չկա» խորագիրը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ խուլերը ժեստերի լեզվով կատարեցին Տերունական աղոթքը:


Խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին՝ ասաց, որ արդեն 13 տարի խուլերն իրենց տոնը նշում են նաև Արարատյան Հայրապետական թեմում: Այստեղ նրանք իրենց հարազատ ու հոգատար միջավայրում են զգում:
 

Միջոցառումը ներառում էր մնջախաղ, ժեստերի լեզվով մատուցվող երգ, ասմունք ու պար, որով և խուլերը հանդիսատեսին ծանոթացնում և հաղորդակից են դարձնում իրենց մշակույթին: Յուրաքանչյուր նոր միջոցառման հետ խուլերը նաև ապացուցում են, որ անհնարին ոչինչ չկա, երբ հավատում ես ինքդ քեզ և ընդունում քեզ այնպիսին, ինչպիսին արարվել ես Աստծո կողմից:
 

Խուլերի միջազգային օրվան նվիրված միջոցառումը խուլերի համայնքի ամբողջ տարվա կյանքն է, յուրօրինակ հաշվետվություն՝ ամփոփված այս մեկ օրվա մեջ:


Տաղանդավոր պատանիներն իրենց ճկունությամբ, վարպետությամբ ու անսահման սիրով ջերմացրել էին բոլորի սրտերը:


Լսողական խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ավետիսյանը շնորհավորելով խուլերին՝ շնորհակալություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմին ու առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսին՝ խուլերի նկատմամբ տածած հոգատարության համար:


Վերջում խուլերն իրենց ձեռքերի գունավոր պատկերներով դաջված կտավը նվիրեցին Սրբազան հորը:
Այս տարի խուլերի միջազգային օրը սեպտեմբերի 27-ին էր, որը համընկավ Մյուռոնօրհնեքի արարողության հետ, այդ պատճառով խուլերը որոշեցին միջոցառումը հետաձգել: Շուրջ 13 տարի Արարատյան Հայրապետական թեմում գործում է խուլերի համայնքը, որն ակտիվ մասնակցություն ունի եկեղեցական ու համայնքային կյանքում: Ամեն տարի խուլերն իրենց միջազգային տոնին կազմակերպում են միջոցառումներ, որոնք լի են զգացմունքով, մաքրությամբ, անկեղծությամբ ու ջերմությամբ, որը նրանք պատրաստ են կիսել բոլորի հետ:


1951թ.՝ խուլերի միջազգային ֆեդերացիայի հիմնադրումից հետո, ամեն տարի սեպտեմբերի չորրորդ կիրակին նշվում է որպես խուլերի միջազգային օր: 2004թ. այն պաշտոնապես տոնվում է նաև Հայաստանում:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-10-24
×