Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ ԱՀԹ երիտասարդաց կառույցներից երեք երիտասարդ մասնակցեց Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման Հայաստանի տարածաշրջանային ժողովին: Ժողովի ընթացքում երիտասարդները մասնակցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ Դիլիջանի նորակառույց եկեղեցու հիմքերի օծման արարողությանը:
Տարածաշրջանային ժողովի նպատակը ՀԵՀԵՄ մեկամյա գործունեության ծրագրերի քննարկումն էր: Այն անցկացվեց Տավուշի թեմի Բերդ քաղաքում:
Երևանից մեկնելիս տարբեր թեմերի ժողովականները հոկտեմբերի 30-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում միասնական աղոթք կատարեցին: ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը եկեղեցասեր երիտասարդներին նվիրեց խաչի պահանիչ աղոթաթերթեր:
Երիտասարդները Տավուշի թեմի Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանի գլխավորությամբ այցելեցին զինվորական հոպիտալ, խաչի պահպանիչ աղոթքներ նվիրեցին այնտեղ բուժվող զինվորներին: Բերդի Ս. Հովհաննես եկեղեցում մասնակցեցին Ս. Պատարագի:
Ժողովի ավարտին երիտասարդներն այցելեցին Բերդի պատմաերկրագիտական թանգարան՝ ծանոթացան Բերդի մշակութային ժառանգությանը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին