Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Զորավոր մանկունք» երկսեռ երգչախումբը:
Նոյեմբերի 1-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում երգչախումբը ներկայացրեց «Կոմիտասը մանուկների շուրթերով» գրական-երաժշտական կոմպոզիցիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մինչ երգչախմբի ելույթը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ներկայացրեց «Զորավոր մանկունք» երգչախմբի գործունեությունը: Նա ընդգծեց, որ սա երգչախմբի առաջին ելույթն է առաջնորդարանի դահլիճում և Սրբազան Հոր օրհնությամբ երգչախումբը կշանուրանակի իր ելույթները տարբեր բեմերում:
Համերգի պատվավոր հյուրերից էր միջնադարյան երաժշտության մասնագետ, հայկական վիոլայի մենակատար, կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը: Նրա նվագակցությամբ, հայկական վիոլայի երաժշտության ներքո, երգչախումբը կատարեց «Զարթիք փառք իմ» շարականը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի խմբավարությամբ՝ «Զորավոր մանկունք»-ը եռաձայն կատարեց Կոմիտաս վարդապետի մշակումները:
Երգեցողությանը զուգահեռ երգչախումբն ունկնդրին ներկայացրեց նաև Կոմիտաս վարդապետի ծննդյան և մանկության պատմությունը՝ մինչև Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելը:
Գրական-երաժշտական կոմպոզիցիան ավարտվեց Հայրապետական մաղթերգով:
«Կոմիտասը մանուկների շուրթերով» գրական-երաժշտական կոմպոզիցիային ներկա էին նաև Հայաստանում հավատարմագրված Լեհաստանի դեսպանատան օտարերկրացի աշխատակիցները:
Կարինե Սուգիկյան