Գրաբարը պարտադիր առարկաների շարքում է

Գրաբարը պարտադիր առարկաների շարքում է

Գրաբարյան պտուղներ.


Նոյեմբերի 11-ին ԱՀԹ Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը մասնակցեց Երևանի թիվ 2 ավագ դպրոցի 11-րդ դասարանի գրաբարի բաց դասին: Այս տարի սեպտեմբերից դպրոցում տնօրեն Քրիստինե Սարյանի նախաձեռնությամբ գրաբարը մեկ դասարանի համար դարձել է պարտադիր առարկա: Գրաբարի ուսուցչուհին Գայանե Գրիգորյանն է: Բաց դասին մասնակցում էր նաև ԵՊՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի գրաբարի դասախոս Նորայր Պողոսյանը: 
 

Դասը Տ. Պարթևը սկսեց Տերունական աղոթքով: Աշակերտների ակտիվ մասնակցությունը բավական տպավորիչ էր: Դասի ժամանակ ուսուցչի օգնությամբ աշակերտները կարողացան ներկայացնել քերականություն, ընթերցանություն, թարգմանություն, շարականի կատարում: Վերջում գրաբար հանելուկներ ներկայացրին:


Փոխանցելով ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունը, Տ. Պարթևը շնորհակալություն հայտնեց դպրոցի աշխատակազմին ու աշակերտներին՝ գրաբարի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Տեր հայրն իր ուրախությունը հայտնեց, որ Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագիրն առաջին պտուղներն է տալիս՝ գրաբարի բացահայտման պատանիների աննախադեպ ոգևորությամբ:


Նախաձեռնությունը բացառիկ է նրանով, որ հանրակրթական դպրոցներում գրաբարին միայն մի քանի ժամ է հատկացվում, այլն էլ միայն հայոց լեզվի դասավանդման ծրագրում: Եվ անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից արտոնված առարկա լինելու և հաստատված ծրագրի առկայության պարագայում գրաբարն առանձին չի ուսուցանվում:


Գայանե Գրիգորյանի խոսքով՝ երեխաները ոգևորված են գրաբարով և անգամ այլ դասարանների աշակերտներ խնդրում են իրենց ևս ներգրավել դասերին: Պատանիներն արդեն գիտեն, որ թեմն այս տարի ևս կազմակերպելու է գրաբարի օլիմպիադա:


Վերջինս նախորդ տարի առաջին անգամ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ իրականացվեց «Գրբարյան օրեր» ծրագրի շրջանակում: Օլիմպիադային մասնակցեց 90 պատանի Երևանի պետական ու մասնավոր դպրոցներից:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-11-11
×