Ապաշխարենք կառուցելով

Ապաշխարենք կառուցելով

Հավատացյալների ջանքերով կառուցվում են եկեղեցիներ


Նոյեմբեր 12-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ www.ekexeci.am կայքի շնորհանդեսը: Կայքը ստեղծվել է «Ապաշխարենք կառուցելով» ծրագրին աջակցելու և նորությունները հանրությանը ներկայացնելու համար: 
 

ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը ներկայացրեց շուրջ չորս տարի առաջ մեկնարկած ծրագիրը: Տեր հայրը պատմեց, որ իրենց ներշնչել է Ս. Ղևոնդյանց տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հետ հանդիպման ժամանակ Վեհափառի հորդորը, թե փորձեք ձեր հնարավորության առավելագույնի չափով ամեն ջանք գործադրել, որպեսզի համայնքներում կառուցվեն եկեղեցիներ: Եվ քանի որ ամենուր չէ, որ հնարավոր է դիմել անհատների աջակցությանը, հինգ համայնքներում՝ Նշավան, Բարձրաշեն, Ջրաշեն, Հովտաշեն և Ոստան, սկսել են իրականացնել եկեղեցաշինական ծրագիրը: Համայքների հավատացյալների կողմից հավաքված դրամական միջոցներով ու նվիրատվություններով այս պահին Արարատյան Հայրպետական թեմում կառուցվում է 4 նոր և վերանորոգվում մեկ խոնարհված եկեղեցի: Տեսաշարով ներկայացվեց շինարարական աշխատանքների ընթացքը:


Ողջունելով ներկաներին՝ Տ. Նավասարդ Սրբազան հայրն իր ուրախությունը հայտնեց ծրագրի կենսունակության համար՝ ի մասնավորի ասելով.


«Ձեզ համար Վեհափառ Հայրապետի խոսքը դարձել է գործ և առաքելություն: Ս.Պողոս առաքյալն Աթենքում՝ իմաստասերների հետ բանավեճի ժամանակ, հարաշալի ձևակերպումով ներկայացնում է այն Աստծուն, որին քարոզում էր, բայց որին հույները չէին ճանաչում. «Երբ շրջում էի և նայում ձեր պաշտածներին, տեսա մի խորան, որի վրա գրված էր՝ Անծանոթ Աստծուն: Նրան, ում դուք առանց ճանաչելու եք պաշտում, ես Նրան եմ քարոզում»: Այդ Անծանոթը բնակվում է յուրաքանչյուրիս մեջ: Մեր հոգևոր փորձառությանն անրադարձ անելով՝ կվկայենք, որ Աստված միշտ եղել է մեզ հետ, բայց մենք միշտ չէ, որ եղել ենք Աստծո հետ: Ու եթե նայենք բոլոր այն հավատացյալ անձանց հոգիների մեջ, ովքեր միացել են «Ապաշխարենք կառուցելով» ծրագրին, կտեսնենք այնտեղ բնակվող Աստծուն: Իրենց սրտառուչ աղոթքը գործի կոչելով, վկայում են Աստծո ներկայությունը:


Այս կայքը միջոց է, որը պիտի ձեր համայնքային գործերն էլ ավելի համախումբ ու կազմակերպված դարձնի, որպեսզի ձեր սրտերում կառուցված եկեղեցիները վերհառնեն հողի վրա, և Աստծո տան մեջ կարողանաք հանրային խիղճ ձևավորել, Աստծո հետ հաղորդակցվել կենդանի կապով և իրականացնել Տիրոջ պատգամը՝ «Սիրեցե՛ք զմիմիանս»:


Բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ եկեղեցաշինությունը գալիս է ոչ թե անհատներից, այլ՝ համայնքից, ժողովրդից: Բացառիկ երևույթ է, երբ մարդիկ ինքնաբուխ, իրենց հոգևոր հովվի շուրջ համախմբված, ցանկանում են աղոթքի տուն կառուցել: Թող Աստծո տան լույսի ճառագայթները ողողեն նրանց, որպեսզի քրիստոնեանան և աստվածային այդ լույսի տարածողները լինեն, ինչպես առաքյալներն ու մեր հավատքի հայր Ս.Գրիգոր Լուսավորիչը: Շնորհը, սերը, խաղաղությունը թող լինեն ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Ամեն»:


Ծրագրին առավել աջակցած ութ անձանց Սրբազան հայրը պարգևատրեց Օրհնության գրերով: Իսկ ծրագրի կազմակերպիչները և համայնքների ղեկավարները Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» գրքեր նվեր ստացան:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-11-12
×