Նոյեմբերի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ բացվեց թեմի կրթադաստիարակչական կենտրոնի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը:
Միջոցառումը սկսվեց ընդհանրական աղոթքով: Շնորհավորելով աշխատանքների հեղինակներին ու կենտրոնի աշխատակիցներին՝ Սրբազան հայրը նկատեց, որ տարեցտարի մեծանում է կրթադաստիարակչական կենտրոնի սաների վարպետությունը. «Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում վկայում է. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով և նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը»: Աստծո ներկայությամբ պայմանավորված կենդանի հավատը, ձևավորում է նաև հոգևոր մշակույթ, որն արտահայտվում է նյութի միջոցով հոգևորի հետ հաղորդակցությամբ: Հիսուս Իր ճշմարտությունները ներկայացնում է պարզության մեջ: Աստված մարդացավ, որպեսզի մարդ բացահայտի իր աստվածային պատկերը: Այս խորհուրդը բարդ է մարդկային մտքի, սակայն պարզ՝ հոգևոր գիտակցության համար: Այդ պարզության մեջ է ողջ գեղեցկությունը:
Այստեղ ներկայացված աշխատանքները նյութականացել են կենտրոնի ուսուցիչների բարդ ու քրտնաջան աշխատանքի և սաների անձանձրույթ ուսման արդյունքում: Սակայն իրենց գեղեցկությամբ ներկայացնում են աստվածային պարզ խորհուրդներ: Այսպես է նյութը հոգի դառնում և իր ոգեղենությամբ մեր մեջ զորացնում աստվածային գեղեցկությունն ու ճշմարտությունը բացահայտելու ցանկությունը»:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարանի գիտաշխատող Վարդան Դևրիկյանը, ով ևս դրվատանքի խոսքեր ասաց ներկայացված աշխատանքների, դրանց հեղինակների և ուսուցիչների մասին:
Շնորհակալություն հայտնելով հյուրերին՝ կենտրոնի տնօրեն Հասմիկ Եղիազարյանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է վերահաստատել հավատարմությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ:
Արարատյան Հայրապետական թեմի կրթադաստիարակչական կենտրոնի սրբապատկերի, մանրանկարի ու բատիկի խմբակների ուսուցչուհին Աննա Մալխասյանն է: Նրա գործերից շատերն այսօր զարդարում են Հայ Առաքելական բազմաթիվ եկեղեցիներ:
Ցուցահանդեսին ներկայացված էր փայտի, կտավի, մետաքսի վրա կատարված շուրջ 100 աշխատանք՝ սրբապատկերներ, մանրանկարներ, բատիկ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին