Նոյեմբերի 21-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ նվիրված Ս. Երրորդություն եկեղեցու օծման 10-ամյակին: «Նվիրիր հույս». այսպես էր կոչվում միջոցառումը, որը կազմակերպվել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աջակցությամբ:
Համերգը սկսվեց «Տերունական աղոթք»-ով, որին ժեստերի լեզվով միացան խուլերը: Ապա Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանը ներկայացրեց եկեղեցու պատմությունը և համերգի նպատակը:
Արարատյան Հայրապետական թեմում «Նվիրիր հույս» խորագրով բարեգործական երրորդ համերգն էր կազմակերպվում: Ստացված ողջ հասույթն այս անգամ փոխանցվելու է զինհաշմանդամ Վարդգես Փանանյանին, ով 1992-93 թթ. Մարտակերտում թշնամու կողմից ստացված հրազենային վնասվածքի պատճառով առաջին կարգի հաշմանդամ է դարձել: Նախորդ երկու համերգներից ստացված գումարն ամբողջությամբ տրամադրվել է ՄԻԱՎ-ով ապրող երեխաներին և զինհաշմանդամ Գևորգ Եղիազարյանին:
Համերգի ընթացքում ելույթ ունեցան «Գեղարդ» երգեցիկ խումբը, «Կարին» ավանդական երգի և պարի համույթը, Արսեն Գրիգորյանը և Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքը:
«Այսօր ես եկա համերգին, որպեսզի հույս նվիրեմ զինհաշմանդամին, բայց ես ինքս լցվեցի հույսով: Ես այսօր ինձ հետ մի տուփ հույս եմ տանում՝ գեղեցիկ, կարմիր ժապավենով փաթեթավորված հույս»,- ուրախությամբ ասաց հանդիսատեսներից մեկը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին