Նոյեմբերի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը թեմի կողմից նվերներ հանձնեց «Հաշմանդամ երեխաների «Տաթև» առողջակրթական ցերեկային կենտրոնի» 35 սանի: Հաշմանդամների միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 3-ին: Օրվա առթիվ ծրագրված այցելություններից այս տարի սա առաջինն էր հաշմանդամներին նյութական ու հոգևոր աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ:
Ավանի Ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Հարություն քահանա Ավագյանն իր հայրական օրհնությունը բերեց ներկաներին՝ մաղթելով նրանց հոգու խաղաղություն, անսասան հավատ, սեր, հոգևոր բարիքներ: Տեր հայրը Բժշկության կարգ կատարեց հաշմանդամների համար:
Կենտրոնի տնօրեն Շողիկ Տատինցյանն իր և երեխաների ծնողների անունից շնորհակալություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմին տարիներ շարունակ կենտրոնի կողքին լինելու և աջակցելու համար: