Գրաբարին նվիրված քննարկում Արարատյան Հայրապետական թեմում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Գրաբարին նվիրված քննարկում Արարատյան Հայրապետական թեմում

Գրաբարին նվիրված քննարկում Արարատյան Հայրապետական թեմում

Գրաբարը մեր ժառանգության հենասյունն ու բանալին է.
 

Նոյեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով քննարկում: Այն նպատակ ուներ ամփոփել «Գրաբարյան օրեր» ծրագրի մեկամյա աշխատանքները, լսել մասնագետների ու կրթության պատասխանատուների կարծիքներն ու տեսակետները՝ գրաբարի վերարթնացմանն ուղղված ծրագրի շարունակության համար:


Քննարկումն ընթացավ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ: Պատվավոր հյուրերն էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՔԴԿ տնօրեն գերաշնորհ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ.Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ Եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, «Ծիրանի» մշակութային հանգոյց ՀԿ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:


Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ «Գրաբարյան օրեր» ծրագրի հոգևոր պատասխանատու, ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը: Նա նշեց, որ Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագիրը մեկնարկել է 2014 թվականին: Նպատակն է նոր սերնդի մոտ արթնացնել հետաքրքրություն գրաբարի նկատմամբ, խթանել դրա ուսուցումը, ինչը կնպաստի մասնագետների աճին և հայկական հազարամյա ժառանգության զարթոնքին: Այս ծրագրով Երևանի մի շարք դպրոցներում իրականացվեցին գրաբարի ընթերցումներ, բաց դասեր, քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր: Ծրագրի շրջանակում կազմակերպված՝ գրաբարի առաջին օլիմպիադային մասնակցեց շուրջ 90 պատանի՝ պետական ու մասնավոր դպրոցներից:


Տեր Պարթևը շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, «Փյունիկ» հիմնադարամի նախագահ, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանին՝ մասնավորապես նշելով, որ այդ աջակցության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել ծրագիրը:


ԱՀԹ տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Ադրեասյանն ամփոփեց մեկ տարվա ընթացքում իրականացված ծրագիրը և ներկայացրեց առաջիկա անելիքները: Նա նշեց, որ ծրագրի կարևոր ձեռքբերումներից է հանրակրթական դպրոցներից մեկում այս տարվանից պարտադիր առարկաների շարքում գրաբարի ուսուցումը: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ինչպես ավագ ու միջին դպրոցներում, այնպես էլ կրտսեր դպրոցների սաներին տրվում են գրաբարյան հանձնարարություններ: Անցած տարի գրաբարի օլիմպիադայի մասնակից պատանիները հանդես են գալիս տարբեր ծրագրերով ու առաջարկություններով՝ փորձելով նպաստել գրաբարի դերի բարձրացմանը:


Շնորհավորելով ծրագրի ձեռքբերումների համար՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մասնավորապես ասաց. «Մենք հաճախ ենք համագործակցում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ որպես մեր կրթական նախագծերի հենարան, և ինչու չէ, որպես մի կառույց որտեղից մենք մեզ ենք վերադարձնում ազգային այս կամ այն գանձը: Գրաբարը հնարավոր է վերադարձնել կրթական համակարգ բացառապես Եկեղեցու աջակցությամբ: Ծրագիրն այլևս պետք է դառնա պարտադիր բոլոր դպրոցներում, սակայն դա երկար աշխատանքի արդյունք կլինի, որի համար պետք է նաև ստեղծել համապատասխան կրթությամբ մանկավարժների շերտ, կրթական ծրագիր, ուսումնական բովանդակություն և այլն: Պետք է դնել նպատակ և հասնել այդ նպատակին»:


Քննարկման ընթացքում ծրագրի մասին դրվատանքի խոսքեր ասաց Սիլվա Աչոյանը և կարևորեց հայրենի ժառանգության վերարթնացումը: Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարանի գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը խոսեց գրաբարի իմացության կարևորության մասին՝ ներկայացնելով Մատենադարանի ձեռագրերի հետ կատարվող աշխատանքները: Իրենց տպավորություններն ու փորձը ներկայացրին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ու Երևանի թիվ 2 դպրոցի ուսուցիչները:


Քննարկման ավարտին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր օրհնության խոսքն ուղղելով ներկաներին ի մասնավորի ասաց. «Մեր որդիական երախտագիտությունն ենք հայտնում ազգիս Վեհափառ Հայրապետին, ում օրհնությամբ իրականացնում ենք մեր բոլոր ծրագրերը: Եվ կրկին անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ծրագրի կազմակերպիչներին ու աջակիցներին: Հույս ունեմ, որ այս ծրագիրը կշարունակի իր ընթացքն՝ ավելի ընդգրկուն դարձնելով իր ծավալները: Այն հունդերը, որ սերմանում ենք գրաբարի վերարժևորման նպատակով, մեր ժողովրդի Ոսկեդարյան ոգու վերազարթոնքի ու զորության գրավականն են: Բարի բարի ընթացք ամենքիս և թող Աստծո օրհնությամբ մեր ջանքերն արդյունավորվեն առատ հունձքով: Ամեն:»
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-11-25
×