Առաքյալների տոնը Մասիսի Ս.Թադեոս եկեղեցում

Առաքյալների տոնը Մասիսի Ս.Թադեոս եկեղեցում

Նոյեմբերի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը: Տերը տասներկու առաքյալներին պատվիրեց ուսուցանել բոլոր ազգերին, մկրտել նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցնել մարդկանց Աստծո պատվիրանները: Աստվածային կոչին ընդառաջ՝ առաքյալներն աշխարհով մեկ քարոզեցին Աստծո պատգամը: Մեզ՝ հայերիս վիճակված էին Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: Նրանք են մեր առաջին լուսավորիչները և Քրիստոսի եկեղեցու հինադիրները Հայաստանում:


Տոնի առթիվ Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանը համայնքի անդամների՝ ծխական խորհրդի, երիտասարդաց միության, կիրակնօրյա դպրոցի սաների և ուխտավորների մասնակցությամբ կազմակերպել էր խաչերթ՝ եկեղեցու բակից դեպի Մասիս քաղաքի հրապարակ:


Քաղաքի բնակիչներին օրվա ավետիսը փոխանցելուց հետո հավատացյալները հնարավորություն ունեցան մասնակցելու տոնական միջոցառմանը: Ելույթ ունեցան Մասիսի երգի-պարի խմբերը, նվագախմբերը և անհատ կատարողներ, իսկ միջոցառումն ավարտվեց եկեղեցու նորաստեղծ երիտասարդաց միության պատրաստած «Ս. Թադեոսի մուտքը Հայաստան և նրա հրաշագործությունները» ներկայացմամբ:


Ս. Պատարագին և տոնական միջոցառումներին մասնակցում էին նաև Վեդու Ս. Աստվածածին և Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցիների համայնքների անդամներն իրենց հոգևոր հովիվներ՝ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի և Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի առաջնորդությամբ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ նրանց էին միացել նաև Արարատյան թեմի երիտասարդաց միությունները:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-11-28
×