ԱՀԹ երիտասարդներն աջակցում են «1 բացիկ=1 բնակարան» երրորդ ծրագրին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • ԱՀԹ երիտասարդներն աջակցում են «1 բացիկ=1 բնակարան» երրորդ ծրագրին

ԱՀԹ երիտասարդներն աջակցում են «1 բացիկ=1 բնակարան» երրորդ ծրագրին

Նոյեմբերի 30-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպսոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդները Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի և թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյան հետ մեկնեցին Շիրակի թեմ:


Այցի նպատակն էր հանդիպել Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, «1 բացիկ=1 բնակարան»-3 բարեգործական ծրագրի կազմակերպիչներին և նրանց փոխանցել Արարատյան Հայրապետական թեմում բացիկների վաճառքից ստացված գումարը, որն այս տարի կազմեց 625 000 դրամ:
Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ընդունեց հյուրերին, իր շնորհակալությունը հայտնեց ծրագրին աջակցելու համար՝ կարևորելով նման նախաձեռնություններում փոխադարձ օգնությունը:


ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը Տ. Միքայել եպիսկոպոսին փոխանցեց Տ.Նավասարդ Սրբազանի ողջույնները նշելով, որ վերջինիս օրհնությամբ թեմի բոլոր եկեղեցիների ծխական համայնքներն ու երիտասարդաց միությունների անդամները սիրով միացել են նախաձեռնությանը: Տեր հայրն ուրախությամբ նշեց, որ տարեց տարի ԱՀԹ-ն ավելացնում է վաճառվող բացիկների քանակը՝ 400-ից դարձնելով 1500-ի և հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի:
Շիրակի թեմի երիտասարդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ԱՀԹ երիտասարդներին 3-րդ տարին անընդմեջ ծրագրին աջակցելու համար:


Շիրակի թեմի Ս. Յոթվերք եկեղեցու բարեգործական ջոկատի հանրային կապերի պատասխանատու Գայանե Ավետիսյանը նշեց, որ ընտանիքը, որի համար պետք է բնակարան գնվի, դեռ չի ընտրվել:
«1 բացիկ=1 բնակարան» ծրագրի նպատակն է ամեն տարի գնել մեկ բնակարան երկրաշարժի հետևանքով Գյումրիում անօթևան մնացած առավել կարիքավոր ընտանիքի համար: Այս ծրագրով արդեն երկու ընտանիք ստացել է բնակարան:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-11-30
×