Դեկտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կայացավ ԱՀԹ «Արարատ» երգչախմբի անդրանիկ մենահամերգը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գրիգոր Հարությունյան:
Համերգին ներկա էին ԱՀԹ քահանայից դասը, առաջնորդարանի աշխատակիցներ, արվեստագետներ, երիտասարդաց միությունների անդամներ:
Առաջին բաժնում հնչեցին հատվածներ Ս. Պատարագի՝ Կոմիտաս վարդապետի, Մ. Եկմալյանի մշակումներից, Ս. Մեսրոպ Մաշտոցի շարականներից: Երկրորդ մասում ներկայացվեց աշխարհիկ և ժողովրդական երգեր:
Համերգի ավարտին շնորհավորելով «Արարատ» երգչախմբին մենահամերգի առիթով՝ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը բարձր գնահատեց երգչախմբի կատարումն ի մասնավորի նշելով.
«Երգչախումբն առաջին անգամ է ներկայանում մենահամերգով և թող սկիզբն Աստծո օրհնությամբ լինի: Պատշաճ է, որ այսօրվա համերգն ընգրկենք ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում. երգերի մեծ մասը Կոմիտաս վարդապետի մշակումերն էին: Ոգևորիչ է, երբ այսօրվա սերունդը ոչ միայն խոսքով, այլև հոգենորոգ կատարումներով հաճախ է անդրադառնում Կոմիտաս վարդապետի մշակումներին:
Ոմանք, թյուրիմացաբար, մտածում են, որ հայկական ավանդական երգերը տխուր են, բայց ես այդպես չեմ կարծում: Այստեղ տխուր աչքեր չեմ տեսնում, պարզապես գոհունակության զգացումն է պարուրել ամենքիս, որովհետև ականջալուր եղանք հայի հոգու զուլալ աղբյուրի ձայնին, որը մեր հոգին լցրեց ջերմությամբ, հայկականությամբ:
Երգչախումբն իր կատարողական վարպետությամբ մեզ համախմբեց մի հոգևոր տաճարի մեջ, որտեղ իրական է կենդանի հաղորդակցությունը մեր հոգու անմեղության, հավատքի ջինջ ու մեղեդային լարերի հետ, որոնք մեզ առաջնորդում են աղոթական կյանքի և մաքրագործումի:
Դժվար է ամեն տեղ ապրում ակնկալելը: Այս երգչախմբին այսօր հաջողվեց մեզ հաղորդակից դարձնել մեր ոսկեդարյան ժառանգությանը, կոմիտասյան մաքուր հայկական ոգուն: Մենք կարիք ունենք հաղորդակցվելու ինքներս մեզ հետ:
Ցանկանում ենք բոլորի անունից նորից շնորհակալություն հայտնել և շնորհավորել երգչախմբին՝ մաղթելով կատարողական ավելի բարձր որակներ»:
«Արարատ» երգչախումբը հիմնադրվել է 2014 թ. Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության հենքի վրա: Երգչախմբի կազմում ընդգրկված են երիտասարդաց միության այն անդամներն, ովքեր ուսանում են երաժշտական ուսումնական հաստատություններում: Երգչախումբը մասնակցել է բազմաթիվ համերգների՝ արժանանալով գովեստի ու դրվատանքի խոսքերի, շնորհակալագրերի ու պատվոգրերի:
Համերգի ավարտին Տ. Նավասարդ Սրբազան Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին