«Ոսկե հատիկի» ամանորյա դասը

«Ոսկե հատիկի» ամանորյա դասը

Համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Դպրոցի ռուսերենի, անգլերենի, նկարչության և դիզայնի խմբակների փոքրիկները ծնողներին ու հյուրերին ներկայացրին վերջին մեկ ամսվա ընթացքում իրենց սերտածը, ցուցադրեցին նկարչության ու դիզայնի աշխատանքները՝ կատարեցին ամանորյա երգ ու ասմունքեցին:


«Ոսկե հատիկը» կազմավորվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Գործում է արդեն 5 տարի Էրեբունի համայնքի կիսակառույց եկեղեցուն կից: Այստեղ իրենց դպրոցական դասերն են պատրաստում 6-16 տարեկան աշակերտները, որոնց թիվը հասնում է 100-ի: Դպրոցական մի շարք առարկաներից՝ ռուսերենի ու անգլերենի, մաթեմատիկայի ու նկարչության խմբակներից զատ՝ երեխաները հաճախում են նաև ավազաթերապիայի, խեցեգործության և դիզայնի դասերի: Խեցեգործության և դիզայնի աշխատանքներով սաները մասնակցում տարբեր Էքսպոների, ցուցահանդես-վաճառքների:


Միջոցառման ավարտին Տ. Զգոնն օրհնեց բոլոր աշակերտներին և փոխանցեց Ձմեռ պապի «ուղարկած» նվերները:


Հոգևոր դպրոցի տնօրեն՝ երեցկին Իրինա Աղաջանյանի խոսքով «Ոսկե հատիկում» ամեն ամիս անցկացվում են բաց դասեր, որպեսզի համայնքային կյանքն առավել արդյունավետ ու լիարժեք կազմակերպվի:


Նկարչության ուսուցչուհի Ելենա Մուրադյանը նշեց, որ մեծ ուշադրություն է դարձվում երեխաների հոգևոր կրթությանը. «Բոլոր դասերը` լինի նկարչության, թե մաթեմատիկայի, պարտադիր սկսում և ավարտում ենք աղոթքով: Նախ հոգևոր թեմայով նյութ ենք մատուցում, առակներ քննարկում, ապա անցնում ենք դասերի»: Երեխաների քրիստոնեական գիտելիքներ դասավանդում է նաև Տ. Զգոնը:

 

Տեղեկատվական բաժին

  • 2015-12-17
×