Դեկտեմբերի 17-ին ԱՀԹ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ տեղի ունեցավ Արաբկիրի կիսակառույց եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերի օծման արարողությունը:
Օծման արարողությունը կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակճյանի, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ: Ներկա էին նաև Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահան Հայրապետյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ավագ լուսարար Տ. Հովհաննես քահանա Քեսաբլյանը:
Մուշեղ սրբազանը դիմեց ներկաներին ի մասնավորի ասելով.«Այսօր քաղաքամայր Երևանի այս գողտրիկ հատվածում ամենքս համախմբվել ենք մասնակից լինելու գեղեցիկ ծիսական արարողության, որին վստահաբար շատերս սպասել ենք երկար ու ձիգ տարիներ: Ազգիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ում անմիջական հսկողության ներքո կառուցվում է այս եկեղեցին, և Արարատյան Հայրապետական տիրախնամ ձեր թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի արտոնմամբ այսօր իրականացավ այս հոյակերտ եկեղեցու խաչերի օծումը: Մեր խնդրանքն է, որ Աստված Սուրբ Հոգու շնորհներով զորություն պարգևի այս մետաղյա, սառը խաչերին, որոնք Սուրբ Մյուռոնի դրոշմով հոգևոր ջերմության և ոգեղենության աղբյուր պիտի հանդիսանան այս համայնքի հավատացյալների համար:
Հավատացյալ մեր հայորդիների աղոթքների շնորհիվ է, որ այս եկեղեցին մի օր պիտի հասնի իր բաղձալի ավարտին և իր մեջ համախմբի ամենքիս:
Այս հոյակերտ եկեղեցին կառուցվում է ազգային մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի միջոցներով, ով շարունակելով իր երջանկահիշատակ ծնողների բարի ավանդը, Աստծուց իրեն ընձեռված հնարավորությունից մաս և բաժին է հանում մեզ՝ հավատացյալներիս: Եվ սա, սիրելիներ, երրորդ մեծաշուք եկեղեցին է, որ կառուցվում է տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի բարերարությամբ:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև շինարարին՝ պարոն Ոսկանյանին և ճարտարապետներին, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի լուսարարապետության հոգևոր դասին և ճարտարապետաշինարարական բաժնին, ովքեր իրենց անմռունչ նվիրումով ու ծառայությամբ մեզ պարգևում են հոգևոր ջերմ զգացումներ:
Աստված թող օրհնի ամենքիդ և զորանաք Սուրբ Հոգու շնորհներով այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն»:
Արարողության ավարտին շարականների կատարմամբ հանդես եկավ Արաբկիր համայնքի «Օվսաննա» երգչախումբը: Ներկաները հնարավորություն ունեցան իրենց խոնարհումն ու երկրպագությունը բերելու խաչերին, որից հետո կատարվեց մատաղի հյուրասիրություն:
Տեղեկատվական բաժին