Օծվեցին սրբապատկերներ ու խաչվառներ

Օծվեցին սրբապատկերներ ու խաչվառներ

Դեկտեմբերի 17-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծեց թեմի՝ Դավիթաշենի Ս. Նահատակաց, Ավանի Ս. Աստվածածին, Նոր Նորքի Ս. Աստվածածին, Նուբարաշենի Ս. Նահատակաց, Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց, Մասիսի Ս. Թադեոս, Շահումյանի Ս. Աստվածածին եկեղեցիների խաչվառներն ու սրբապատկերները:


Ողջունելով ներկաներին Սրբազան հայրն ի մասնավորի ասաց. «Այսօր հուզառատ օր է մեզ համար, որովհետև մեր թեմի եկեղեցիները համալրվեցին նոր սրբապատկերներով ու խաչվառներով, որոնց նպատակն է մարդուն հաղորդակից դարձնել երկնային արժեքներին, առաջնորդել դեպի ճշմարիտ աստվածճանաչողություն: Այս սրբանկարները, շոշափելի ու տեսանելի կերպով, մարմնավոր աչքերի համար պատկերում են անտեսանելի և միայն հավատքին հասու իրողությունները՝ մեր հավատացյալներին առաջնորդելով աղոթական կյանքի: Եվ ինչպես տեսնում եք, դրանց թիվը բավական շատ է, ինչը վկայում է հավատքի տարածականության մասին:


Մեր գնահատանքն ենք բերում հոգևոր հովիվներին, ովքեր բծախնդրորեն և ազնվությամբ ծառայում են հավատացյալների հոգևոր կարիքներին: Մեր օրհնությունը՝ նվիրատուներին ու թեմի հավատացյալներին, քանի որ այս սրբապատկերները ծնվել են նրանց հոգևոր զգացումներից և դեպի անանց երկնային իրականությունը տանող իրենց ճանապարհին թող լինեն հաստատուն ուղեցույց: Շնորհը, սերը և խաղաղությունը թող լինեն ամենքիդ հետ»:


Քրիստոնեական եկեղեցու համար առանձնահատուկ նշանակություն ունեն սրբապատկերները: Համաձայն Եկեղեցու սրբազան ավանդության առաջին սրբապատկերներն են Աստվածամոր և Հիսուսի կենդանագիր պատկերները: Խորհրդանշական է, որ այս երկու նվիրական պատկերները ժամանակին պատկանել են Հայ եկեղեցուն։


Եկեղեցում ամեն մի սրբապատկեր գործածելի է դառնում միայն հատուկ կարգով օրհնվելուց ու օծվելուց հետո:


Ի սկզբանե Հայ եկեղեցին եղել է պատկերահարգ։ 12-րդ դարում Հովհաննես Սարկավագ Վարդապետը բանաձևել է Հայ Եկեղեցու ուսմունքը սրբապատկերի վերաբերյալ հետևյալ կերպ. «Սրբապատկերները օգնում են հավատացյալներին մերձենալու Աստծուն»: Քրիստոսի պատկերի առջև պետք է խոնարհվել. խոնարհումը, սակայն, ուղղված է ոչ թե սրբապատկերի նյութին, այլ Նույն Ինքն Քրիստոսին: Աստվածածնի և սրբերի պատկերների առջև նույնպես պետք է խոնարհվել, սակայն այս խոնարհումը ոչ թե Աստվածածնին ու սրբերին է ուղղված, այլ Քրիստոսին, քանի որ Աստվածամայրը և սրբերը միայն միջնորդ կարող են լինել մեզ համար Քրիստոսի առջև:
 

Խաչվառը խաչագլուխ ձողի վրա ամրացված դրոշակ է: Այն սովորաբար երկու կողմից կրում է խաչելության, Աստվածամայրը Մանկան հետ, Քրիստոսի, սրբերի և որևէ տերունական պատկերներ: Խաչվառը զինվորյալ եկեղեցու դրոշակն է: Որպես դրոշակ խաչվառը տարվում է եկեղեցական մեծ թափորների, հանդեսների առջևից:


Տեղեկատվական բաժին

  • 2015-12-17
×