ԱՀԹ շախմատի երրորդ մրցույթն ավարտվեց հաղթանակով

ԱՀԹ շախմատի երրորդ մրցույթն ավարտվեց հաղթանակով

Դեկտեմբերի 19-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Աբգար թագավորի տոնի առթիվ տեղի ունեցավ թեմի երիտասարդաց միությունների շախմատի ամենամյա փառատոնը`միջազգային գրոստմայստեր և Եվրոպայի ուսանողական առաջնության արծաթե մեդալակիր Հովհաննես Գաբուզյանի հետ:


Խաղը սկսվեց Տերունական աղոթքով: Ողջունելով ներկաներին` ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիային շախմատային նախաձեռությանը մշտապես աջակցելու համար: Երևանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը ողջունեց մրցույթի կազմակերպիչներին և նշեց, որ իրենց ֆեդերացիան մեծ ուրախությամբ է աջակցում շախմատի տարածմանն ուղղված նման ծրագրերին:


Մրցաշարի մեկնարկից առաջ ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը կատարեց Ս. Աբգար թագավորին նվիրված «Ով երանելիդ» շարականը:
Արքայական խաղն առաջնորդարանում վարեց միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը: Խաղին հետևում էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:


Մրցաշարը մեկնարկեց 42 մասնակցով, որոնց թվում էին՝ ԱՀԹ քահանաներ, երիտասարդաց միությունների անդամներ, ՀՀ ՊՆ ավիացիոն ինստիտուտի և ՀՀ Ոստիկանական ակադեմիայի կուրսանտներ, «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներ, կամավորներ, հաշմանդամներ, ինչպես նաև Երևանի շախմատի մի շարք դպրոցների և Ազգային առաջնորդության ինստիտուտի ներկայացուցիչներ. միաժամանակ մրցում էին իմաստուն խաղին արհեստավարժ տիրապետողներն ու սիրողական խաղացողները:


Մրցույթն անցկացվեց 2 փուլով: Առաջին մասում մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին միմյանց հետ: Այնուհետև գրոստմայստեր Հովհաննես Գաբուզյանը 2-րդ փուլ անցած 21 մասնակցի հետ միաժամանակյա խաղ անցկացրեց: Նրա հետ ոչ ոքի խաղաց Ավանի մանկապատանեկան շախմատի դպրոցի մարզիչ Խաչատուր Հովհաննիսյանը: Գրոսմայստերի նկատմամբ հաղթանակ գրանցեց Արամ Մուրադյանը:


Վերջինիս Տ. Նավասարդ Սրբազանը հանձնեց հաղթողի գավաթը: Երկրորդ փուլի բոլոր մասնակիցները ստացան «Նարեկ» աղոթագրքեր: Սրբազան հայրը գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանին, մրցավար Վահագն Խաչատրյանին ու Երևանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանին նվիրեց սրբապատկերներ:


Մրցաշարի և պարգևատրման ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-12-19
×