Դեկտեմբերի 18-19-ը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ծաղկաձորում թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում իրականացվեց ուսուցիչների վերապատրաստման երկօրյա դասընթաց: Դասընթացին մասնակցեց Երևանի պետական ու մասնավոր տարբեր դպրոցների շուրջ 40 ուսուցիչ: Ծրագրի նպատակն էր թարմացնել գրաբարյան գիտելիքը, քննարկել դասավանդաման խնդիրներն ու առկա փորձը, մշակել նոր մոտեցումներ:
Դեկտեմբերի 18-ին դասընթացը մեկնարկեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի նախագահությամբ: Սրբազան հայրը մասնակիցներին ողջունեց և օրհնության խոսք ասաց` կարևորելով Արարատյան Հայրապետական թեմի կողմից իրականաացվող այս ծրագիրը: Նա հույս հայտնեց, որ այն իր տարածումը կգտնի ողջ Հայաստանում: Բացման արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, 118 դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը:
ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար, «Գրաբարյան օրեր» ծրագրի հոգևոր պատասխանատու Տ. Պարթև քահանա Մուրադյանը շնորհակալություն հայտնելով հյուրերին ու մասնակիցներին` նրանց փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպս Կճոյանի օրհնությունը:
Ողջունելով ուսուցիչներին` Տ. Վարդան Սրբազանը խոսեց գրաբարի կարևորության մասին՝ նշելով, որ գրաբարի դասավանդման հաջողության գրավականն առարկայի նկատմամաբ սերն է, որը պետք է սերմանել պատանիների մեջ:
Դասընթացի ընթացքում ԵՊՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Նորայր Պողոսյանը խոսեց գրաբարի դասավանդման միրջնադարյան փորձի, ժամանակակից մեթոդների ու դասագրքերի մասին, ներկայցրեց գրաբարի երկրորդ օլիմպիադային վերաբերող քննական հարցերը:
Դեկտեմբերի 19-ին դասընթացի մասնակից ուսուցիչները Կեչառիսի վանական համալիրում մասնակցեցին առավոտյան ժամերգությանը: Ավարտին Տ. Շահան քահանա Միրզոյանը նրանց պատմեց Կոտայքի թեմի ու վանական համալիրի մասին:
Երկօրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծավալեցին ակտիվ քննարկումներ, հնչեցին բազմաթիվ առաջարկություններ գրաբարի դասավանդման մեթոդների և հնարավորությունների առընչությամբ: Ներկայացվեց Երևանի թիվ 2 ավագ դպրոցի ու Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գրաբարյան դասընթացների փորձն ու հիշյալ դպրոցներում առկա խնդիրներն ու դժվարությունները:
Վերապատրաստման ծրագրից հետո, հունվար ամսից, դպրոցներում կմեկնարկի գրաբարյան ընթերցումների ու դասընթացների փուլը: Դրանց կհաջորդի գրաբարյան երկրորդ օլիմպիադան:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՆ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին