Դեկտեմբերի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց մասունքակիր արծաթյա ձեռաց Խաչը, որը գործածվելու է պսակադրության արարողությունների ժամանակ: Խաչի նվիրատուն եկեղեցու համայնքի անդամ Ժաննա Ղազարյանն է:
Արարողության ավարտին Սրբազան Հայրը շնորհավորելով համայնքին նորաօծ խաչի համար՝ ի մասնավորի ասաց՝ «Ցանկանում եմ նախ իմ գնահատանքը բերել Ս. Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանին, ում հովվության շրջանին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին բարեզարդվում է:
Շնորհակալություն նաև Ժաննա Ղազարյանին, ով նվիրաբերել է այս խաչը: Աստված օրհնի ձեր նախաձեռնություններն ու զորացնի Աստվածահաճո գործերի մեջ:
Խաչը քրիստոնեական հավատքի գերագույն խորհրդանիշն է, որով փաստում ենք մեր քրիստոնյա լինելն ու քրիստոնեական պատկանելիությունը: Այս օծյալ խաչն իր զորությամբ ամենքիս թող արժանի դարձնի Տիրոջ Խաչի ճանապարհով քայլելու և միմյանց նկատմամաբ սիրով մեզ հաղորդակից դարձնի աստվածային սիրուն:
Այդ սիրով էր, որ Տերը մարմնացավ, խաչվեց և հարություն առավ: Այս խաչի օծման առթիվ ևս մեկ անգամ պետք է մեր սրտի մատյաններում ամրագրենք աստվածային սիրո պատգամը, որպեսզի այն մշտանորոգ կոչնակ դառնա դեպի Աստված տանող մեր ճանապարհին՝ Խաչի ճանապարհին: Չարչարանք, մահ, խաչելություն, հարություն. ահա այն հանգրվանները, որոնցով անցնում է Խաչի ճանապարհը: Մեր՝ հավատքի մեջ վստահության աղբյուրը Քրիստոսի Հարությունն է, քանի որ մենք անմահության հավատքի հետևորդներն ենք: Քրիստոնեությունը պարտության կրոն չէ, այլ՝ խաչով ընթացողի հաղթական կրոն է: Սուրբ խաչի օրհնությունն ու զորությունը թող հովանի և պահապան լինի ամենքիդ: Ամեն»:
Արարողությունից հետո Սրբազան Հայրը Պահպանիչ աղոթք կարդաց, ապա հավատացյալները մոտեցան համբուրելու խաչը՝ հաղորդ դառնալով սրբալույս Մյուռոնով օծված խաչի օրհնությանը:
Արծաթյա ձեռաց խաչում ամփոփված է Երուսաղեմի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու բակում գտնվող ձիթենու ծառի փայտից մի կտոր: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող սրբավայրի՝ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու խորանին կից, դրսի կողմից մինչև հիմա կա և պտղաբերում է այն ձիթենին, որից, ըստ ավանդության, կապել են մեր Տեր Հիսուս Քրիստոսին մինչ Աննա քահանայապետի դատը: Ծառը չորացած է եղել և սկսել է պտղաբերել, երբ նրա վրա կաթացել է Քրիստոսի արյունը: Ձիթենու այդ ծառի տերևներով զանազան հիվանդություններ են բժշկվում, իսկ ձիթապտուղներն աղոթքով օգտագործող ամուլ կանայք Աստծո ողորմությամբ և իրենց հավատքով պտղաբերում են:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին