Դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ թեմի եկեղեցական համայնքներից 51 անձիք ստացան դպրական աստիճան: Նրանցից 4-ը և ևս 6 ձեռնադրված դպիրներ արժանացան ուրարակրության:
Շնորհավորելով դպիրներին, ուրարակիրներին, նրանց հոգևոր ու մարմնավոր ծնողներին՝ Սրբազան հայրն ի մասնավորի ասաց. «Այսօր բացառիկ օր է, մեր եկեղեցու զավակներն իրենց հոգևոր հովիվների միջնորդությամբ այստեղ՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում հավաքվել են դպրական չորս աստիճաններ և ուրար կրելու իրավունք ստանալու շնորհին արժանանալու համար: Մեզ համար երջանիկ օր է, քանզի տեսնում ենք եկեղեցին շապիկներ հագած ուստրերով լեցուն, ովքեր իրենց հավատքով, խոնարհությամբ ու եկեղեցում ծառայելու ուխտի գիտակցումով փաստում են, որ Քրիստոսի եկեղեցին, ի մասնավորի՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին անսայթաք ընթացքի մեջ է:
Եվ նրանք պատրաստ են զինվորագրվել հայոց եկեղեցու առաքելությանը: Այս երիտասարդներից ու պատանիներից ոմանք կդառնան եկեղեցականներ, ոմանք՝ ոչ, սակայն Առաքելական Եկեղեցին իր հաստատուն տեղը կունենա իրենց սրտի մատյաններում: Քանզի որքան խոնարհվեք, այնքան ավելի կմոտենաք մեր Տիրոջը:
Մեր շնորհավորանքն ու գնահատանքը քահանա հայրերին, որոնց հովվական ծառայության արդյունքն են այս պատանիները՝ պատրաստ Հայ Եկեղեցու անդաստանում զինվորյալ սպասավորության: Վստահ ենք, որ այս դպրաց դասից շատերը կընդունվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան և իբրև օծյալ հոգևորականներ կշարունակեն իրենց ծառայությունը բերել հայ ժողովրդին ու Եկեղեցուն:
Զորավոր հավատք, կորով ու անսայթաք ընթացք ենք մաղթում նրանց, ովքեր դպրության աստիճան և ուրար կրելու իրավունք ստացան: Թող Աստված ձեր հոգիները վեհացնի խոնարհ ծառայության մեջ: Ամեն»:
Արարողության ավարտին Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին