Դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության «Ձմեռ պապ» նախագծի նվիրաբաշխության միջոցառումը:
Սրբազան հորն ուղեկցում էին Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրան քահանա Առուշանյանը, խորհրդակատար Տ. Գաբրիել քահանա Պետրոսյանը: Դահլիճում հավաքվել էին Ձմեռ պապին նամակներ գրած փոքրիկներն՝ իրենց ծնողների ուղեկցությամբ:
Եկեղեցու երիտասարդներն ամիսներ առաջ ստեղծել են կայք՝ dzmerpapi.am, որտեղ երեխաները նամակներ են գրում՝ Ձմեռ պապին ներկայացնելով իրենց ցանկությունները: Այդ նամակներից երիտասարդներն առանձնացրել էին մի մեծ խումբ, որպեսզի իրականանցնեն ՝ ամանորյա նվերներ ստանալու մասին նամակագիրների խնդրանքները՝ խաղալիքներ, հագուստ, քաղցրավենիք և այլն: Սրբազան հոր օրհնությամբ երիտասարդների նախաձեռնությանն աջակցել էր նաև թեմի բարեգործական ծրագրերի բաժինը:
Ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Մալաթիայի Հայորդաց տան պարի խմբակների սաները, ԱՀԹ Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության կիթառահարների խումբը: Երեխաներին հյուր եկան նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Շնորհավորելով ներկաներին՝ Ամանորի և Ս. Ծննդյան տոների առթիվ՝ Նավասարդ Սրբազանը երեխաներին մաղթեց, որպեսզի Ս. Նիկողայոսի բարեխոսությամբ արժանանան Ս. Ծննդյան տոնի մեծագույն նվերին՝ Մանուկ Հիսուսի սիրուն և օրհնությանը:
Միջոցառման ավարտին նվերներ ստացան 77 երեխաներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին